Պատերազմի ֆոնին Սիրիան պատրաստվում է տիեզերքի ուսումնասիրությանը

09:43 • 19.03.14

Չնայած 3 տարի շարունակվող արյունալի պատերազմին՝ Սիրիայի կառավարությունը որոշել է տիեզերական գործակալություն հիմնել՝ գիտական հետազոտություններ կատարելու նպատակով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն` SANA լրատվական գործակալությանը հղումով, նախարարների կաբինետն արդեն հավանություն է տվել Սիրիայի տիեզերական գործակալության ստեղծման որոշմանը։  Հաղորդվում է, որ գործակալության մասնագետները նոր տեխնոլոգիաներով ուսումնասիրելու են տիեզերքն ու Երկիրը։

 

Սակայն աղբյուրը նշում է, որ հաշվի առնելով այն, որ երկարատև պատերազմը գրեթե ոչնչացրել է Սիրիայի տնտեսությունը՝ հասցնելով մոտ 31 մլրդ դոլարի վնաս, կասկած է առաջանում, թե կառավարությունը կկարողանա անհրաժեշտ ֆինանսավորումը տրամադրել գործակալության ստեղծման գործընթացին։

 

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտությունը սկսվել է 2011թ. գարնանը՝ նախագահ Բաշար ալ Ասադի դեմ ուղղված բողոքի խաղաղ ցույցերից, որոնք ժամանակի ընթացքում վերաճել են քաղաքացիական պատերազմի։ Անցած 3 տարվա ընթացում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 130.000-ից ավելի մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ արտագաղթել են երկրից՝ հայտնվելով փախստականի կարգավիճակում։
 

Պատերազմի ֆոնին Սիրիան պատրաստվում է տիեզերքի ուսումնասիրությանը