Ինչից է առաջանում և ինչպես է բուժվում ականջներում լսվող աղմուկը

00:22 • 20.03.14

Ականջներում լսվող աղմուկն առաջանում է բարձր երաժշտությունից, վարակներից կամ ցրտահարումից: Այս շեղումն առաջանում է ներքին ականջի նյարդերի վնասվածքի հետևանքով: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Դրա արդյունքում ուղեղին սկսում են հաղորդվել անոմալ ազդակներ, որոնք ուղեղն ընդունում է որպես ձայնի մշտական ներկայություն: Նմանատիպ խնդիր ունեցող յուրաքանչյուր 100-րդ մարդու մոտ ականջներում լսվող աղմուկը երկարաժամկետ խնդիր է դառնում:


Քանի որ այսօրվա երիտասարդները չեն բաժանվում ականջակալներով նվագարկիչներից, հաճախ բարձր երաժշտություն են լսում, նրանք հաճախ բողոքում են ականջներում լսվող աղմուկից:


Ականջներում լսվող աղմուկի բուժման հաստատված որևէ միջոց գոյություն չունի: Արևմտյան Օնտարիոյի համալսարանի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի աշխատակիցները ապավինում են կոֆեինին՝ իրենց տեսությունն ամրապնդելով տպավորիչ վիճակագրությամբ:

 

Փորձագետները կոֆեինի դրական ազդեցությունը կապում են այն բանի հետ, որ կոֆեինը՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց, ազդում է ներքին ականջի մազային բջիջների վրա:


Բժիշկները խորհուրդ են տալիս օրական առնվազն՝ երեք գավաթ սուրճ ըմպել, քանի որ այդ չափաբաժնի օգտագործումը նպաստում է 15%-ով խնդրի նվազմանը: Սակայն կոֆեինից զրկված սուրճը նման ազդեցություն չունի:
 

Ինչից է առաջանում և ինչպես է բուժվում ականջներում լսվող աղմուկը