Porsche-ն մտադիր է էլեկտրական սպորտքար թողարկել (լուսանկար)
Շքեղ սպորտային մեքենաների սիրահարները, ովքեր մտահոգված են շրջակա միջավայրի պահպանությամբ, կարող են այլևս չմտահոգվել: Porsche ընկերությունը հաստատել է, որ մտադիր է սպորտային էլեկտրական մեքենա մշակել:
Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ ներկայում սերիական էլեկտրական մեքենաների շուկայում առաջատար են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Mitsubishi i MiEV-ը, Tesla S-ն և Nissan LEAF-ը: Սակայն շուտով այս շուկան կգրավի նաև գերմանական ավտոկոնցեռնը: Օրեր առաջ Porsche-ի նախագահ Մաթիաս Մյուլլերը հայտնել է, որ ընկերությունը լրջորեն մտադրված է սպորտային էլեկտրական մեքենա ստեղծել:
Գերմանական ավտոկոնցեռնը նման փորձ արդեն ունեցել է: 2011-ին փորձարարական ծրագրերի շրջանակում մշակվել է Boxster E մոդելի 3 նախանմուշ, որոնցից յուրաքանչյուրը համալրված է եղել 240 ձիաուժ ընդհանուր հզորությամբ երկու էլեկտրական շարժիչներով, որոնք կարող են 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 5.3 վայրկյանում:
Մյուլլերի խոսքով՝ ապագա էլեկտրական մեքենան առանց վերալիցքավորման կկարողանա 300-400 կմ անցնել: Դեռևս հստակ հայտնի չէ, թե երբ կներկայացվի Porsche-ի նորույթը:














