Twitter-ի արգելափակումը Թուրքիայի ներքին խնդիրն է, թող ԵՄ-ն զբաղվի իր գործերով. Էրդողան
Twitter-ը չի ենթարկվում թուրքական դատարանների որոշումներին, այդ պատճառով էլ Թուրքիայի իշխանություններն արգելափակել են այս կայքի հասանելիությունը երկրում։ Տվյալ միջոցը Թուրքիայի ներքին գործն է, հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ИТАР-ТАСС-ը։
Մեկնաբանելով եվրոպական երկրների քննադատությունը՝ վարչապետը կոչ է արել ԵՄ-ին «զբաղվել իր գործերով»։ «Այն, ինչ մենք արել ենք՝ ներքին հարց է։ Դրա համար կան դատական որոշումներ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն անտեսում այլ երկրներում կատարվող դեպքերը։ Թող իրեն մեզ հետ պահի այնպես, ինչպես մյուսների հետ»,- ասել է վարչապետը։
Նա պարզաբանել է, որ Twitter-ում հաշիվներ ջնջելու տասնյակ ու հարյուրավոր հարցումներ ու հաղորդագրություններ են ստացվում Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հնդկաստանից։ Նրա խոսքով՝ այդ պահանջների մեծ մասը կատարվում է։
Թուրքական կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է խիստ գործել սոցկայքերի հանդեպ՝ հաշիվները փակելու վերաբերյալ դատական որոշումները չկատարելու դեպքում։










