ՌԴ կառավարությունը հրաժարվել է ամերիկյան iPad-ի օգտագործումից` անցնելով հարավկորեական Samsung-ի պլանշետներին
ՌԴ կառավարությունը հրաժարվել է iPad պլանշետների օգտագործումից՝ անցնելով հարավկորեական Samsung ընկերության պլանշետների օգտագործման, սակայն դա Apple ամերիկյան ընկերության նկատմամբ որևէ սահմանափակումների կամ պատժամիջոցների կիրառում չէ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նախկինում կառավարության անդամները նիստերին և խորհրդակցություններին օգտագործում էին iPad, սակայն այժմ սկսել են օգտագործել Samsung ընկերության պլանշետներ:
«Կառավարության նիստերին տեղեկությունների մի մասը գաղտնի բնույթ ունի, և այդ սարքերը (Samsung) ամբողջովին համապատասխանում են այդ պահանջներին և անցել են սերտիֆիկացման ամենախիստ համակարգը»,- ասել է Նիկիֆորովը:
Նրա խոսքով՝ սարքավորումների փոփոխությունը վերջերս է տեղի ունեցել: Ինչպես հայտնել է պաշտոնյան, iPad-ներից հրաժարումը և անցումը Samsung-ի պլանշետներին տեխնիկական բնույթ է կրում:
Մարտի 24-ին Կապի նախարարությունից հայտնել էին, որ չեն պատրաստվում արգելել ամերիկյան ծրագրային ապահովման և սարքավորումների օգտագործումը պետական հատվածում:










