Բա գիտությո՞ւնը. ԳԱԱ-ում միանշանակ չեն նայում տարկետումը վերացնելու նախաձեռնությանը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների գիտական քարտուղարներն այնքան էլ միանշանակ չեն մոտենում տարկետումը վերացնելու մասին նախաձեռնությանը՝ «բա գիտությո՞ւնը» հարցադրումն անելով:
Պատմության ինստիտուտի գիտական քարտուղար Հակոբ Մուրադյանը, ով ներկայացնում էր իր անձնական կարծիքը, նշեց. «Սխալ է, բա գիտությո՞ւնը, խելոք մարդը գնաց բանակ, եկավ, արդեն ցանկությունն էլ կորում՝ զբաղվելու գիտությամբ»,-ասաց նա:
«Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դնելու օրենքի նախագիծ, որով հանվել է տարկետման իրավունքը, իսկ այն կիրականացվի միայն եզակի դեպքերում՝ շատ շնորհալի երեխաների համար:
Ըստ Ռուբիկ Հակոբյանի ներկայացրած թվերի՝ 1500 հոգի միայն բանակ գնալու համար «ընտրում են» գիտությունը, և օրինակ՝ ասպիրանտուրայում գենդերային կազմը հետևյալն է՝ 2-3 աղջիկ և մոտ՝ 128 տղա: Նույն համեմատությունն է նաև մագիստրատուրայի անվճար տեղերում:
Հակոբ Մուրադյանը չհերքեց, որ կան կոռուպցիոն ռիսկեր, բայց ամեն դեպքում, կարծում է, որ տարկետման իրավունքը վերացնելը «մի քիչ շատ է»:
Պատմության ինստիտուտը, օրինակ, ունի երկու ասպիրանտ, երկուսն էլ՝ արական սեռի, և հեռակա բաժնում սովորող իգական սեռի 4 ասպիրանտներ. հեռակա բաժնի ասպիրանտները տարկետման իրավունքից չեն օգտվում:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ գիտքարտուղար Սվետլանա Կիրակոսյանն էլ, ով նույնպես իր անձնական կարծիքն էր ներկայացնում, նշեց, որ մոլեկուլային կենսաբանությունն այն բնագավառը չէ, որով երիտասարդները հենց այնպես զբաղվեն, ինչ է թե բանակ չգնան:
«Եվ առանց այդ էլ, մեր երիտասարդները գիտությամբ չեն զբաղվում, եթե տարկետումը վերացվում է, էլ երիտասարդներ չեն գալու: Բա ծերե՞րը, հույսն ո՞ւմ վրա դնեմ»:










