Աշխարհի 10 լավագույն օդանավակայանները (լուսանկարներ)
Ավիաընկերությունների և օդանավակայանների գնահատմամբ և դասակարգմամբ զբաղվող Skytrax միջազգային վերլուծական ընկերությունը ներկայացրել է World Airport Awards 2014 ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` վարկանշային աղյուսակը ևս մեկ անգամ գլխավորել է Սինգապուրի «Չանգի» միջազգային օդանավակայանը: Դա պատահական չէ, քանի որ միջազգային ուղիների տարանցիկ հանգույցը համալրված է անհավանական հարամարավետություններով` թիթեռների այգի, տանիքում տեղակայված լողավազան, կինոթատրոն, հյուրանոցներ, սպա կենտրոններ, լոգարաններ, մարզասրահ, ինչպես նաև` 4 հարկանի զվարճագոտի:
1. «Չանգի» միջազգային օդանավակայան, Սինգապուր
Ուղևորների տարեկան հոսքը` 46.5 մլն


2. «Ինչհոն» Միջազգային օդանավակայան, Հարավային Կորեա
Ուղևորների տարեկան հոսքը` 39.2 մլն
Հարավկորեական միջազգային օդանավակայանը ուղևորներին սպասարկում է ավելի քան 70 ավիաընկերությունների միջոցով և Skytrax-ի կողմից 5 աստղ ստացած երեք օդանավակայաններից մեկն է:

3. Մյունխենի օդանավակայան, Գերմանիա
Ուղևորների տարեկան հոսքը` 37.8 մլն
Գերմանիայի երկրորդ ամենաշատ ուղևորահոսք ունեցող օդանավակայանը ներկայանում է էսթետիկ գեղեցկության դիզայնով` դարպասներից մինչև ապակեպատ առաստաղներ ու պատեր, որոնք այն ավելի մեծ ու ընդարձակ են դարձնում:

4. Հոնկոնգի միջազգային օդանավակայան
Ուղևորների տարեկան հոսքը` 53.3 մլն
Այն լավագույն օդանավակայան է ճանաչվել հյուրասիրության և ուղեբեռի առաքման ծառայությունների շնորհիվ:

5. «Սհիպհոլ» օդանավակայան, Ամստերդամ
Ուղևորների տարեկան հոսքը` 49.8 մլն
Հոլանդական «Սհիպհոլ» օդանավակայանը բացվել է 1916-ին` որպես ռազմական օդանավակայան` հետագայում վերածվելով աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկի:

6. Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայան
Ուղևորների տարեկան հոսքը` 62.6 մլն
2010-ին բացված երրորդ միջազգային տերմինալով այն տարեկան կարող է սպասարկել 90 մլն ուղևորի:

7. Պեկինի միջազգային օդանավակայան
Ուղևորների տարեկան հոսքը` 78.7 մլն
Իր խոշորագույն ուղևորահոսքով այն Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանն է և երկրորդն աշխարհում` Ատլանտայի «Հարթսֆիլդ-Ջեքսոն» օդանավակայանից հետո:

8. Ցյուրիխի օդանավակայան, Շվեյցարիա
Ուղևորների տարեկան հոսքը` 24.8 մլն
Շվեյցարիայի միջազգային օդանավակայանն զգալիորեն ընդարձակվել է 2003-ին` երրորդ տերմինալի և ստորգետնյա Skymetro ավտոմատացված գնացքի շնորհիվ:

9. Վանկուվերի միջազգային օդանավակայան, Կանադա
Ուղևորների տարեկան հոսքը` 18 մլն
Լինելով Skytrax-ի ներկայացրած լավագույն տասնյակում ամենաքիչ ուղևորահոսք ունեցող օդանավակայանը` այն իր հաճախորդներին առաջարկում է զմայլվել խաղաղօվկիանոսյան ազգային արվեստի լայն հավաքածուով: Այն 2013-ին ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի լավագույն օդանավակայանը:

10. «Հիթրոու» օդանավակայան, Լոնդոն
Ուղևորների տարեկան հոսքը` 69.4 մլն
2011-ին այն ճանաչվել է լավագույն օդանավակայան շոփինգի համար, ինչպես նաև` արժանացել լավագույն տերմինալ տիտղոսին` 2008-ին բացված T5-ի համար, որը կառուցվել է 19 տարվա ընթացքում` 6.2 մլրդ դոլարով:











