ԿԺԴՀ-ի քարտեզները հասանելի են դարձել մասնավոր անձանց
Հարավային Կորեայի իշխանությունները հրապարակել են Հյուսիսային Կորեայի արբանյակային նկարներն ու քարտեզները, որոնք առաջարկվում է ձեռք բերել մասնավոր անձանց և ոչ կառավարական կազմակերպություններին, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով yonhapnews.co.kr-ին:
Նյութերը հրապարակել է Հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարությունը: Նախարարությունից նշել են, որ արբանյակների միջոցով արված Փհենյանի և այլ հյուսիսկորեական տարածքների լուսանկարներն ավելի վաղ հասանելի են եղել միայն համապատասխան կառավարական կառույցների աշխատակիցներին: Սակայն արդեն ուրբաթ ցանկացած մարդ կկարողանա ձեռք բերել 2007-ից 2009 թվականներին կազմված ԿԺԴՀ-ի քարտեզներ՝ ներկայացնելով համապատասխան հայտ:
Նախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Փհենյանի տարածքը վերջին 100 տարիներին, դատելով արբանյակային լուսանկարներից, մեծացել է առնվազն 10 անգամ:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կառավարությունը պատրաստվում է կազմել Հյուսիսային Կորեայի ավելի մանրամասն և մեծացված քարտեզներ երկու Կորեաների միացման պատրաստության համար:










