Ճապոնիայում ստեղծել են աշխարհում առաջին օդային էկրանը
Ճապոնացի մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին օդային էկրանը։ Դրանում օգտագործվել է այնպիսի տեխնոլոգիա, որն ազատում է մարդուն սենսորային սարքերի հետ ֆիզիկական շփման անհրաժեշտությունից։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը՝ Reuters-ին հղումով, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Մասատոսի Իսիկավան ասել է, որ իրենց ստեղծած էկրանն ունի ժեստերի ճանաչման բարելավված համակարգ, որը շատ արագ է արձագանքում ինտերֆեյսին։
Օդային էկրանն իրենից ներկայացնում է օդից կախված պատկեր։ Դրանից օգտվելու համար ամենևին էլ հարկավոր չէ ձեռքերում ինչ-որ բան պահել։ Պետք է յուրացնել որոշակի ժեստեր, դրանց միջոցով միացնել էկրանն ու օգտվել դրանից։
Գիտնականները կարծում են, որ նման տեխնոլոգիան մեծ պահանջարկ կունենա բազմաթիվ ոլորտներում՝ բժշկությունից մինչև խաղային ինդուստրիա։ Ենթադրվում է, որ 2015թ. կսկսվի նորույթի սերիական արտադրությունը։










