Brazucam. Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը պանորամային տեսանյութեր կնկարահանի (տեսանյութ)
Աշխարհի ֆուտբոլի առաջնությանն ընդառաջ, որն այս տարի անցկացվելու է Բրազիլիայում, Adidas-ը մրցաշրջանի պաշտոնական գնդակում 6 փոքր HD տեսախցիկ է ներկառուցել, որոնք կարող են բարձր որակով պանորամային տեսանյութեր նկարահանել:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` այժմ հնարավոր է աշխարհը տեսնել դեպի դարպասն ընթացող գնդակի «աչքերով»: Իհարկե՝ գնդակ-տեսախցիկներ արդեն գոյություն ունեն, սակայն Adidas-ն ստեղծել է առաջին ֆուտբոլային տեսախցիկը, որը կարող է նկարահանել 360 աստիճանով:
Brazucam անունը ստացած նորույթը հաջորդ շաբաթների ընթացքում կճանապարհորդի աշխարհով մեկ և առաջին «պարապմունքները» կանցկացնի առաջատար ֆուտբոլային երկրների հավաքականներում, ինչպիսիք են՝ Իսպանիան, Գերմանիան և Անգլիան:
Հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստները խաղալու են հենց այդ գնդակով, և որպեսզի պատկերը աղոտ չստացվի, տեսախցիկներում կիրառվում են հատուկ պատկերային ստաբիլիզատորներ: Հետևել Bazucam-ի ճամփորդությանը հնարավոր կլինի դրա թվիթերյան պաշտոնական էջի և YouTube-ում Adidas-ի ալիքի միջոցով: Առայժմ համացանցում միայն գովազդային տեսահոլովակն է հայտնվել:












