Microsoft-ը դադարեցնում է Windows XP օպերացիոն համակարգի տեխնիկական ապահովումը
Microsoft ընկերությունն ապրիլի 8-ից դադարեցնում է Windows XP օպերացիոն համակարգի և Office 2003 փաթեթային ծրագրերի տեխնիկական ապահովումը: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ ամերիկյան համակարգչային հսկայի ղեկավարությունից նախազգուշացնում են, որ 12 տարի առաջ ներկայացված օպերացիոն համակարգն այլևս չի ստանա թարմացումներ, որոնք ապահովում են պաշտպանությունը վիրուսներից, լրտեսական ծրագրերից և այլ վտանգներից:
«Մենք դադարեցնում ենք անվտանգության ապահովում թողարկել տվյալ համակարգի համար, չեն թարմացվելու նաև տեխնիկական նյութերը: Windows XP-ի օգտատերերը կարող են շարունակել աշխատել տվյալ համակարգով, սակայն կարող են որոշակի ռիսկեր ի հայտ գալ», - մեկնաբանել է ՌԴ-ում Windows-ի օպերացիոն համակարգերի գովազդի մենեջեր Սերգեյ Մարցինկյանը:
Նրա խոսքով՝ շարունակելով օգտագործել տվյալ օպերացիոն համակարգը՝ մարդիկ կարող են ենթարկվել հավելյալ վտանգների՝ կապված անձնական տվյալների և բանկային տեղեկության հետ:
Microsoft-ի փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին՝ անցնել օպերացիոն համակարգի նոր տարբերակին՝ Windows 7 կամ Windows 8: Ընկերությունը մտադիր է երկարաձգել հատուկ գնային պայմանները միջին և մանր բիզնեսի ներկայացուցիչների համար, ինչպես նաև՝ զեղչեր իրականացնել անհատ օգտատերերի համար:










