Երկրի բնակչության թիվը հասել է 7.2 միլիարդի. ՄԱԿ

16:14 • 08.04.14

Աշխարհում բնակչության թիվն ավելացել է՝ 5.7 մլրդ մարդուց (1994թ.) հասնելով 7.2 մլրդ-ի (2014թ. սկիզբ), նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի զեկույցում, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հանձնաժողովի 47-րդ նիստի ընթացքում, գրում է vestifinance.ru-ն։

 

Հանձնաժողովի կարծիքով՝ առաջիկա 10 տարիների ընթացքում Աֆրիկայի բնակչությունն էապես կավելանա։ 2050թ. Աֆրիկայի բնակչության աճի տեմպերն ավելի քան 6 անգամ կգերազանցեն Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների բնակչության և ավելի քան 15 անգամ՝ Ասիայի բնակչության աճի տեմպերին։

 

Սակայն ավելի քան 40 երկրներում բնակչության թիվը 2014-2050թթ. կկրճատվի։ Առավել շատ կրճատումներ տեղի կունենան Գերմանիայում, Չինաստանում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ռումինիայում, Սերբիայում, Թաիլանդում, Ճապոնիայում և Ուկրաինայում, ինչպես նաև Արևելյան, Հարավ-Արևելյան և Արևմտյան Ասիայի երկրներում։
2025թ. Երկրի բնակչությունը կհասնի 8.1 մլրդ մարդու, իսկ 2050թ.՝ 9.6 մլրդ-ի։

 

1994-2014թթ. ընթացքում 60 տարեկանից բարձր մարդկանց քանակը կրկնապատկվել է։ Տարեց մարդիկ աշխարհում ավելի շատ են, քան մինչև 5 տարեկան երեխաները։ Առաջիկա 35 տարիների ընթացքում աշխարհի բնակչության ընդհանուր կազմում երիտասարդների թիվը գրեթե անփոփոխ կմնա։

 

Երկրի բնակչության ավելի քան կեսն ապրում է քաղաքային շրջաններում՝ 3.9 մլրդ մարդ, և քաղաքաբնակների թիվը շարունակում է աճել։

 

Ժողովրդագրական փոփոխություններն ազդում են տնտեսության, էկոլոգիայի և քաղաքականության վրա։ Բնակչության ծերացումը և ուրբանիզացիան նոր հնարավորություններ են կանխատեսում, կարծում է ՄԱԿ-ի հանձնաժողովը։

 

Երկրի բնակչության թիվը հասել է 7.2 միլիարդի. ՄԱԿ