100 մլն օգտատեր. Հնդկաստանն ԱՄՆ-ից հետո Facebook-ին «ամենահավատարիմ» երկիրն է
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի օգտատերերի թիվը Հնդկաստանում հասել է 100 միլիոնի, հայտնում է Al Arabiya-ն՝ ընդգծելով, որ առայսօր 100 միլիոնի շեմը հաղթահարել էր միայն ԱՄՆ-ն։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այս տպավորիչ ցուցանիշը պայմանավորված է բջջային հեռախոսով Facebook-ից օգտվողների թվի աճով։ Նրանց խոսքերով՝ 100 միլիոնն ակտիվ օգտատերերի թիվն է, ովքեր ամեն ամիս մտնում են Facebook։
Ներկայացուցիչները նաև հավելել են, որ 100 մլն շեմը հաղթահարելուց հետո իրենց նպատակն է Հնդկաստանում օգտատերերի թիվը հասցնել 1 մլրդ-ի։ Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ Հնդկաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից։ Ներկայում Facebook-ն ամբողջ աշխարհում ունի 1.23 մլրդ օգտատեր։










