«Яндекс»-ը Ռուսաստանում գլխավոր մեդիան է դարձել

11:27 • 10.04.14

Ռուսաստանում անցած տարի ամենախոշոր մեդիան է դարձել «Яндекс»-ը, այլ ոչ «Առաջին ալիքը», գրում է «Ведомости»-ն: Ինտերնետային ընկերության եկամուտը 2013 թվականին աճել է 37 տոկոսով՝ հասնելով 35,7 միլիարդ ռուբլու, և «Яндекс»-ն իր եկամուտներով առաջ է անցել «Առաջին ալիքից»: Այժմ ինտերնետային ընկերության եկամուտը հեռուստաալիքի եկամտից ավել է մեկ քառորդով:

 

«Առաջին ալիքի» եկամուտն անցած տարի ավելացել է միայն 1,6 տոկոսով՝ հասնելով 29,6 միլիարդ ռուբլու: Ընդ որում՝ հեռուստագովազդի ողջ շուկան անցած տարի աճել է 9 տոկոսով:

 

Համացանցում գումարի ավելի մեծ կենտրոնացում կա, քան հեռուստատեսությունում, նաև այդ պատճառով է «Яндекс»-ը կարողացել առաջ անցնել բացարձակ առաջատարից: «Яндекс»-ը վերահսկում է երկրում առցանց գովազդի կեսը, «Առաջին» ալիքը՝ հեռուստագովազդի միայն 20,1 տոկոսը:

 

Այնուամենայնիվ, լսարանի մեծությամբ «Яндекс»-ը դեռևս զիջում է «Առաջին ալիքին». «Яндекс» ամեն օր մտնում է 20 միլիոն մարդ, իսկ հեռուստաալիքը դիտում է 21,8 միլիոն մարդ:

«Яндекс»-ը Ռուսաստանում գլխավոր մեդիան է դարձել