Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում. բացահայտումներ, խնդիրներ, կանխատեսումներ
«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը վերջերս հանդես եկավ հերթական հետազոտության շնորհանդեսով, որը ներկայացնում էր հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում, ընթացիկ իրավիճակը, մարտահրավերները և հեռանկարները: Հետազոտությունը ներառում է մալուխային հեռուստատեսության, բջջային հեռախոսակապի, լարային հեռախոսակապի ծառայությունների շուկան, ինչպես նաև Երևանում հեռահաղորդակցության ոլորտի փոխլրացնող սարքավորումների (բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ, հեռուստացույցներ և այլն) օգտագործումը: Այս ոլորտն ամենաարագ զարգացող ոլորտներից է, բայց որքան էլ որ զարմանալի է, Հայաստանում այս ոլորտի ամբողջական պատկերը ներկայացնող վիճակագրական տվյալներն ամբողջական չեն: Ոլորտի ներկայիս իրավիճակը, առկա խնդիրները, ինչպես նաև զարգացման միտումները բացահայտելու նպատակով զրուցեցինք «Ամերիա» խորհրդատվական ընկերության խորհրդատու Հայկազ Ֆանյանի հետ:
– Ինչո՞ւ հերթական հետազոտության համար ընտրեցիք հեռահաղորդակցության ոլորտը: Ինչպիսի՞ հարցերի պատախաններ եք փորձել ստանալ հետազոտությամբ, և ի ՞նչ կարող է դա տալ ոլորտի պատասխանատուներին և ընդհանրապես հետաքրքրվողներին:
– Հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանի տնտեսության առաջատար և դինամիկ զարգացող ճյուղերից է: Մեր հետազոտությունը հնարավորություն է տալիս խորությամբ ծանոթանալ ոլորտի ներկա իրավիճակին, ավելի հստակ պատկերացնել մրցակցային դաշտը, պարզել, թե ոլորտի կառուցվածքային որ շուկաներն են առավել գրավիչ զարգացման պոտենցիալի տեսանկյունից: Հետազոտությունը նաև կօգնի այս ոլորտում գործող ընկերություններին մշակել առավել ճկուն ռազմավարություն հետագա գործունեությունը պլանավորելու և առաջիկա մարտահրավերներին դիմակայելու համար:
Բացի այդ, մենք փորձել ենք ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել նաև սպառողների «աչքերով» , այսինքն` հետազոտության մեջ ներկայացված են նաև բնակչության հարցման (ավելի քան 1000 մասնակից) արդյունքները, ինչը միանշանակ բնութագրում է սպառողների վարքագիծը և հնարավորություն տալիս կատարել կանխատեսումներ ոլորտի զարգացման ուղղությունների վերաբերյալ:
– Հետազոտությունն իրականացնելիս ի՞նչ խնդիրներ եք արձանագրել:
– Թեև հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում հանդիսանում է կարգավորման ենթակա ոլորտ և գտնվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) վերահսկողության ներքո, այնուհանդերձ այս ոլորտի միասնական հաշվառման հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, մասնավորապես` 2011թ. հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել, համաձայն որի սահմանվում է, թե որ բաժանորդն է համարվում ակտիվ, սակայն մեր ունեցած տեղեկություններով բջջային օպերատորները տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելիս մասնակիորեն են պահպանում տվյալ որոշման պահանջները: Այդ ընկերությունները լինելով միջազգային խոշոր կորպորացիաների դուստր ձեռնարկությունները Հայաստանում` կառավարչական հաշվառման հաշվետվություններում տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվարկներն իրականացնում են իրենց ներկորպորացիոն մեթոդական ցուցումներին համապատասխան և նույն մոտեցումն էլ կիրառում են հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություններ հրապարակելիս: Մասնավորապես, նման խնդիրներն առկա են ակտիվ բաժանորդներին հաշվառելիս (տարբեր ժամանակահատվածներ են դիտարկվում), ARPU (1 բաժանորդին ընկնող միջին հասույթը) դիտարկելիս տարբեր բաղկացուցիչներ են ներառվում և այլն: Կարծում եմ, որ ոլորտի վերաբերյալ առավել հստակ և նույնականացված պատկեր ունենալու համար անհրաժեշտ է հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների հաշվետվությանը կից մշակել ամբողջական մեթոդական ցուցում:
Բացի այդ, հեռահաղորդակցության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի` մալուխային հեռուստատեսության վերաբերյալ դեռևս բացակայում է ամբողջական տեղեկատվությունը` պայմանավորված ենթաճյուղի համեմատաբար նոր լինելով: Ազգային վիճակագրական ծառայությունը մալուխային հեռուստատեսության մասով վիճակագրություն գրեթե չի վարում, եղածն էլ միայն հասույթի մասով է, սակայն որոշում է կայացվել կապի ոլորտի վիճակագրական հաշվետվության ձևերում փոփոխություններ իրականացնել, ինչը ենթադրում է, որ 2015թ.-ից արդեն կարող ենք ունենալ այս ոլորտի վերաբերյալ մանրամասն տվյալներ:
– Հետազոտության ընթացքում ի՞նչ հետաքրքիր բացահայտումներ են արվել, կա՞ արդյոք որևէ բացահայտում, որ հենց ձեր` փորձագետների համար զարմանալի էր:
– Անշուշտ, հետաքրքիր բացահայտումներ շատ կան, ներկայացնեմ դրանցից մի քանիսը. հետազոտության արդյունքում բացահայտվեց, որ Երևանում բջջային հեռախոսակապից օգտվող 15-69 տարեկան բնակչության մոտ 86%-ն ունի միայն 1 բջջային հեռախոս, իսկ երկու հեռախոս` շուրջ 12%-ը, մինչդեռ մենք ակնկալում էինք, որ 2 և ավել բջջային հեռախոս ունեցողների քանակն առավել մեծ կլինի: Հետաքրքիր է նաև, որ Երևանի 25-34 տարեկան բնակիչներից յուրաքանչյուր չորրորդը բջջային ինտերնետից օգտվում է օրական 1 ժամից ավել:
Մեզ համար զարմանալի բացահայտում էր այն, որ լարային հեռախոսակապը Երևանում չի կորցրել արդիականությունը, լարային հեռախոսակապից օգտվող 15-69 տարեկան բնակչության շուրջ 69%-ն ամեն օր օգտվում է այդ կապից:
– Իսկ ինչպիսի՞ն է մրցակցային դաշտը հեռահաղորդակցության ոլորտում:
– Նախ պետք է նշենք, որ այս ոլորտի կառուցվածքային շուկաներում (բջջային հեռախոսակապ, լարային հեռախոսակապ, ինտերնետ հասանելիության ծառայություններ, մալուխային հեռուստատեսային ծառայություններ) մրցակցությունը տարբեր բնույթ և ինտենսիվության տարբեր աստիճան ունի: Թեև Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հիմնական կառուցվածքային շուկան՝ բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկան բնութագրվում է օլիգոպոլ կառուցվածքով, ինչպես նաև շուկա մուտք գործելու համար ֆինանսական և իրավաօրենսդրական արգելքներով, այնուհանդերձ, հեռահաղորդակցության շուկան հանդիսանում է տնտեսության ամենամրցակցային ոլորտներից մեկը: Ավելին, ինչպես ցույց է տալիս մեր հետազոտությունը, Հայաստանի բջջային հեռախոսակապի շուկայում գործում է «3-ի և 4-ի» կանոնը, ինչը ենթադրում է, որ շուկայում կա 3 հիմնական խաղացող, որոնցից առաջինի` Viva Cell-MTS-ի մասնաբաժինը (մոտ 60%), 4 անգամ ավել է երրորդ օպերատորի` Orange-ի մասնաբաժնից, իսկ սա իր հերթին վկայում է այս շուկայում օպտիմալ մրցակցային միջավայրի առկայության մասին:
– Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից մեկնարկել է շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխման ծառայությունը, այս ուղղությամբ ի՞նչ սպասելիքներ, կանխատեսումներ ունեք:
– Երևանում իրականացրած մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ բնակչության միայն 10%-ն է պատրաստակամություն հայտնել օգտվելու այդ ծառայությունից, սակայն այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ իրական պատկերն ավելի սահմանափակ կլինի` 5%-7%: Այնուամենայնիվ, մենք չենք բացառում նաև այլ իրավիճակ, նամանավանդ, որ օպերատորներն այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում են, օրինակ՝ շուկայի առաջատարը` Viva Cell-MTS-ը, ձեռնարկել է մրցակցային դիրքային պաշտպանություն, այսինքն` քայլեր է ձեռնարկում, որ իր հաճախորդների արտահոսքը կանխարգելի, իսկ Beeline-ը և Orange-ը փորձում են հարձակողական քաղաքականությամբ հանդես գալ: Մրցակցային գործողությունները դեռ ամբողջովին բացահայտված չեն, սակայն արդեն պարզ է, որ ամեն դեպքում, մրցակցությունը կսրվի: Ի դեպ, Երևանում իրականացրած մեր հարցման արդյունքները վկայում են, որ շուկայի առաջատարի` Viva Cell-MTS-ի բաժանորդները հարաբերականորեն առավել քիչ են հակված օգտվելու շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխման ծառայությունից:
– Բիզնես 24 ինտերնետային կայքը Circle.am-ի հետ համատեղ պարբերաբար հրապարակում է ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկան նկարագրող տվյալներ: Արդյո՞ք ձեր հետազոտության արդյունքները համադրելի են այդ տվյալների հետ:
–Մենք ծանոթ ենք այդ հրապարակումներին: Մեր տվյալները տարբերվում են դրանցից: Իրենք հաշվառումն իրականացնում են տեխնիկական հաշվառման միջոցներով, որոնք գրանցում են IP հասցեներից կատարված մուտքերն իրենց բազայում գրանցված կայքեր, իսկ IP հասցեները սովորաբար ֆիքսված չեն անհատական բաժանորդների մոտ, և մեկ բաժանորդը սովորաբար հանդես է գալիս մի քանի IP հասցեներով: Իսկ մեր կողմից հաշվառումն իրականացվել է ընկերությունների կողմից հրապարակվող տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա, որտեղ հստակ տրվում է բաժանորդների քանակը:
– Ըստ ձեր փորձագիտական դիտարկումների ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում, և մասնավորապես ի՞նչ փոփոխությունների կարող է բերել չորրորդ օպերատորի մուտքը շուկա:
– Որոշակի փոփոխություններ կարող է առաջացնել, սակայն ոչ էական: Չորրորդ օպերատորը` Ucom-ը հիմնականում հենվում է տեղական բազայի վրա, այսնինքն փոխկապակցված չէ միջազգային ընկերությունների հետ: Մենք կարծում ենք, որ այս պարագայում այն մրցակիցների համեմատությամբ թե' շուկայավարման փորձի առումով և թե' տեխնիկական խնդիրներով լուրջ դժվարություններ կունենա, բայց դա չի նշանակում, որ հնարավորությունները սահմանափակված են, ընկերությունն օպտիմալ մշակված մրցակցային ռազմավարության դեպքում կարող է շուկայում որոշակի դիրք գրավել: Սակայն մի բան հստակ է` այն հեղափոխությունը, որ Ucom-ն իրականացրեց ինտերնետային հասանելիության ծառայությունների շուկայում, չի կարող տեղի ունենալ բջջային հեռախոսակապի և շարժական ինտերնետ հասանելիության ծառայությունների պարագայում:
Մյուս փոփոխությունը, որ կարող ենք նշել, բջջային օպերատորները հնարավոր է, որ իրենց ծառայությունները դիվերսիֆիկացնեն` մուտք գործելով մալուխային հեռուստատեսության շուկա, քանի որ այս շուկան աճի մեծ պոտենցիալ ունի (մեր գնահատումներով առաջիկա տարիներին միայն Երևանում բաժանորդների քանակը կաճի 38000-ով), եթե հաշվի առնենք նաև, որ «Մեծ եռյակի» (Viva Cell-MTS, Beeline, Orange) սեփականատեր ընկերություններն այլ երկրներում նման փորձ ունեն: Ընդ որում, եթե Viva Cell-MTS-ի և Orange-ի կիրառած տեխնոլոգիաներն այս պահին դեռ այդ հնարավորությունը չեն տալիս, ապա Beeline-ի կիրառած տեխնոլոգիաներն այդ հնարավորությունն ընձեռում են:
Ըստ մեր գնահատումների՝ ամենալուրջ փոփոխությունները սպասվում են հենց մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկայում, որտեղ առաջիկա տարիներին փոքր խաղացողները դուրս կմղվեն:










