Նեանդերթալցիները լավ ծնողներ են եղել. հետազոտություն
Գիտնականները պնդում են, որ նեանդերթալցիները լավ ծնողներ են եղել՝ ժամանակ են տրամադրել իրենց երեխաներին և զբաղվել են նրանց դաստիարակությամբ, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Oxford Journal of Archaeology-ի հրապարակումը:
Ըստ գիտնականների՝ տարածված հակառակ կարծիքն իրականությանը չի համապատասխանում: Հետազոտության առաջատար գիտնական Փեննի Սփայքինսն ասում է, որ նախկինում կարծիք կար, թե նեանդերթալցու մանկությունը ծանր է եղել: Սակայն այժմ, նեանդերթալցիների մշակույթի մասին տվյալների ի մի բերումով, պարզ է դառնում, որ նրանց երեխաներն ուշադրության պակասից չեն տառապել:
Գիտնականը պնդում է, որ անհերքելի ապացույցներ կան, որ նեանդերթալցիները երկար ժամանակաշրջանի ընթացքում կարող էին հոգ տանել իրենց հիվանդ երեխաների մասին: Ավելին՝ մեծահասակները նաև խաղացել են երեխաների հետ՝ նպաստելով նրանց սոցիալիզացիային:










