Peugeot-ն գաղտնազերծել է «շնաձկան կաշվից» պատրաստված կոնցեպտային հեչբեքը (լուսանկարներ)

08:35 • 12.04.14

Peugeot ընկերությունը գաղտնազերծել է Exalt կոնցեպտային մեքենան, որի կառուցվածքում կիրառվել է չմշակված պողպատ, սև փայտ, բազալտի մանրաթել և արտադրողի կողմից «շնաձկան կաշի» անվանված նյութը:


Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ մեքենայի հանրային դեբյուտը կկայանա ապրիլի վերջին՝ Պեկինի ավտոսրահում: Մեքենայի նախատիպը կառուցվել է EMP2 մոդուլային շասիի հիման վրա, որը կիրառվել է Peugeot 308 դասի նոր սերնդի մեքենաներում:
Մեքենայի երկարությունը կազմում է 4.7 մետր, որը BMW 3-Series Grand Turismo հեչբեքից փոքր ինչ կարճ է, իսկ բարձրությունը կազմում է 1.31 մետր: Մեքենան համալրված է 20 դյույմանոց անվահեծերով, որոնց քաշը հասնում է 1700 կգ-ի: 5 դռնանի մեքենան շարժման մեջ է դրվում 340 ձիաուժ հզորություն ունեցող հիբրիդային շարժիչով:


Հիբրիդային ուժային համակարգը ներառում է 270 ձիաուժ հզորությամբ 1.6 լիտր ծավալով բենզինային տորբո շարժիչը, որը տեղադրված է առաջնամասում, և էլեկտրական շարժիչը՝ տեղակայված հետնամասում:


Նորույթի դինամիկ հատկությունները դեռևս չեն հաղորդվում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նոր մոդելի ստեղծման համար 1.5 տարի է պահանջվել, ինչը պայմանավորված է հազվագյուտ նյութերով ու բաղադրիչներով: Թափքի վահանակները պատրաստվել են ձեռքով: Կարմիր «շնաձկան կաշվից» պատրաստվել է Exalt-ի հետնամասը: Ըստ Peugeot-ի ներկայացուցիչների՝ այդ նյութը համալրված է հատուկ «բաղադրությամբ», որն օգնում է օպտիմալացնել օդի հոսքը՝ նվազեցնելով աերոդինամիկ դիմադրության գործակիցը:
 

 

 

Peugeot-ն գաղտնազերծել է «շնաձկան կաշվից» պատրաստված կոնցեպտային հեչբեքը (լուսանկարներ)