Համացանցում է հայտնվել Amazon-ի 6 տեսախցիկանի 3D սմարթֆոնի առաջին լուսանկարը. Business Insider
Amazon-ն ամիսներ առաջ լուրեր էր տարածել, որ մտադիր է 3D էկրանով սմարթֆոն արտադրել:
Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ սեփական սմարթֆոն արտադրելու մասին լուրերին զուգահեռ bgr.com կայքում հայտնվել է Amazon-ի սմարթֆոնի նախատիպի առաջին լուսանկարը: Ինչպես նախկինում հաղորդվում էր՝ բջջային սարքավորման դիմացի հատվածում պարզ երևում են 5 տեսախցիկները, որոնք տեղադրված են անկյուններում և կենտրոնում:
BGR.com կայքի հաղորդած տվյալներով՝ բջջայինը համալրված է 6 տեսախցիկով, որոնցից մեկը տեղադրված է սմարթֆոնի ետևի մասում: Առաջնամասում գտնվող տեսախցիկները նախատեսված են 3D տեսողական էֆեկտներ ստանալու համար:
Լուսանկարում պատկերված սմարթֆոնը, ըստ տարածված BGR-ի տվյալների, մեկն է այն 2 սարքից, որոնք ընկերությունը մտադիր է թողարկել մոտ ապագայում: Սմարթֆոնը, հավանաբար, կներկայանա 4.7 դյույմ անկյունագծով, 720 պիքսել էկրանով և համալրված կլինի Qualcomm Snapdragon պրոցեսորով:











