«Bugatti-ի լեգենդներ» շարքը համալրվել է Black Bess լեգենդար մոդելով (լուսանկարներ)
Bugatti Legends շարքը համալրվել է հերթական մոդելով: Այս անգամ հատուկ սերիական մեքենան նվիրվել է ոչ թե ապրանքանիշի պատմության մեջ կարևոր դեր խաղացած անձին, այլ՝ Bugatti-ի ևս մեկ մեքենայի՝ Type 18-ին, որն ստացել է Black Bess ոչ պաշտոնական անվանունը:
Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ մեքենան Bugatti-ի նախապատերազմական շրջանի շարքի ամենանշանավոր մոդելներից է տպավորիչ տեխնիկական հատկությունների շնորհիվ: Type 18-ն արտադրվել է 1912-14 թվականներին: Այն համալրված է եղել 5 լիտր ծավալով 4 մխոցային շարժիչով, իսկ առավելագույն արագությունը կազմել է 160 կմ/ժամ, որն այն ժամանակներում աննախադեպ ցուցանիշ էր:
Bugatti-ն ընդամենը՝ 7 օրինակ է թողարկել այդ մոդելից, որոնցից մեկը, ինչպես և Black Bess մոդելը, «Bugatti-ի լեգենդներ» շարքից կցուցադրվի Պեկինի ավտոսրահում:
Նոր Black Bess-ը կառուցվել է Buigatti Veyron Grand Sport Vitesse ռոդսթերի հիման վրա և արտադրվել է ընդամենը՝ 3 օրինակով: Մեքենայի թափքը պատրաստվել է ածխածնային մանրաթելից և ներկված է սև գույնով: Մեքենայի որոշ հատվածներ պատված են 24 կարատանոց ոսկով, օրինակ՝ ռադիատորի վանդակաճաղի վրա տեղադրված հանրահայտ «նալը», կամ Bugatti-ի ապրանքանշանը՝ թափքի ետնամասում: Բենզինի բաքի կափարիչը ևս պատված է Black Bess ոսկյա տառերով գրությամբ:
Մեքենայի սրահը ևս արժանի է հիացմունքի: Նստատեղերը, կենտրոնական վահանակը, հատակը, առաստաղը և ետևի կուպեն պատված են բեժի նուրբ երանգի բարձրորակ կաշվով, իսկ կառավարման վահանակն ու դռների վահանակները պատված են կոնտրաստային բաց շագանակագույն Havanna կաշվով: Ղեկը պատված է Crimson կարմիր կաշվով, իսկ կենտրոնական վահանակի կողային մակերեսին տեղադրված է մեկ ոսկեպատ մաս՝ պարող փիղը, որը «Bugatti-ի լեգենդներ» մոդելային սերիայի խորհրդանիշն է: Black Bess-ի երեք օրինակից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 2.15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «լեգենդներ» շարքի՝ 3 օրինակով թողարկված նախորդ նորույթը, որը ներկայացվել էր Դուբայի ավտոսրահում, նվիրված էր իտալացի ավտոմրցարշավորդ Բարտոլոմեո Կոստանտինիին:




















