Դուրովը բացահայտել է «ВКонтакте»-ում իր բաժնետոմսերը վաճառելու պատճառը
«ВКонтакте» սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը գաղտնազերծել է ընկերությունում իր բաժնետոմսերը վաճառելու պատճառը՝ ասելով, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը ինքը հրաժարվել է տրամադրել Կիևի Անկախության մայդանում բողոքի ակցիաներին նվիրված խմբերի ադմինիստրատորների անձնական տվյալները: Այդ մասին նա գրել է «ВКонтакте»-ի իր պաշտոնական էջում, հաղորդում է lenta.ru-ն:
2014 թվականի հունվարի 24-ին հայտնի է դարձել, որ Դուրովը վաճառել է իր բաժնետոմսերը «Մեգաֆոնի» գլխավոր տնօրեն և «ЮТВ» հոլդինգի համասեփականատեր Իվան Տավրինին:
«2013 թվականի դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պահանջել է մեզանից իրենց տրամադրել է Եվրամայդանի խմբերի կազմակերպիչների անձնական տվյալները: Մեր պատասխանը եղել է և մնում է կատեգորիկ մերժումը. Ռուսաստանի արդարադատությունը չի տարածվում «ВКонтакте»-ի ուկրաինացի օգտատերերի վրա»,- գրել է Դուրովը:
Սոցիալական ցանցի գլխավոր տնօրենի խոսքերով՝ Ուկրաինայի օգտատերերի տվյալները ռուսական իշխանություններին բացահայտելը «ոչ միայն օրենքի խախտում էր, այլև դավաճանություն Ուկրաինայի այն միլիոնավոր բնակիչներին, ովքեր մեզ վստահել են»:
«Արդյունքում ես ստիպված եղա շատ բաներ զոհաբերել, այդ թվում «ВКонтакте»-ում իմ բաժնետոմսերը: Բայց ես ոչ մի բանի համար չեմ զղջում. Մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը արժի դրան և դեռ շատ ավելիին»,- նշել է Դուրովը:










