Մամիկոն և Արսեն Խոջոյանների դեպքը խիստ տարբեր է Հակոբ Ինջիղուլյանի դեպքից. Լարիսա Ալավերդյան

11:57 • 17.04.14

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը խոսելով Ադրբեջանում հայտնված և արդեն Հայաստանին վերադարձված գերիների մասին, ասաց, թե Մամիկոն և Արսեն Խոջոյանների դեպքը շատ տարբեր է Հակոբ Ինջիղուլյանի դեպքից, քանի որ վերջինս ի տարբերություն նախորդների՝ զինվորական շորերով է հայտնվել Ադրբեջանում:


«Ադրբեջանը շահագրգռված է, որ քաղաքականացնի գերիների թեման և ստվեր գցի Հայաստանի բանակի վրա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:


Նրա խոսքով՝ 24 տարվա ընթացքում Ադրբեջանում հայտնված հայաստանցի ոչ մի գերի վերադարձվելուց հետո չի դատվել, ի տարբերություն Ադրբեջանի, երբ նրանք իրենց ռազմագերուն դատում են, ավելին՝ դեպքեր էլ կան, երբ մահապատժի են ենթարկվում:


Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկրում հայտնվելը խիստ կարևոր է մեզ համար, քանի որ միայն այդ դեպքում նա կվերադարձվի հայրենիք:


Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում։