Մարիուպոլում զորամասի վրա հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել. Ավակով

10:27 • 17.04.14

Մարիուպոլում Ազգային գվարդիայի զորամասի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել են հարձակվողներից 3-ը, ևս 13-ը վիրավորվել են, իսկ 63 մարդ ձերբակալվել է. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

 

«Գիշերը, ի պատասխան Մարիուպոլում զորամասի վրա իրականացված հարձակման, ՆԳՆ-ն գործողություն է իրականացրել հարձակվողներին շրջափակելու համար, որոնք եղել են մոտ 300-ը»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում։

 

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ զորամասի վրա հարձակվողները դյուրավառ նյութեր և «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ու կրակ են բացել հերթապահների վրա, Ազգային գվարդիայի ներկայացուցիչները նախազգուշական կրակ են բացել։

Ապա, նախազգուշացումից հետո, համաձայն կանոնակարգի, կրկնվող հարձակման ընթացքում պատասխան կրակ են բացել։

 

Ավակովը հաղորդել է, որ տագնապով դուրս են բերվել ՆԳՆ Մարիուպոլի բոլոր ստորաբաժանումները։ Զինված ոստիկանության և Ազգային գվարդիայի համատեղ ջանքերով կարճատև մարտից հետո հարձակվող խմբավորումը զինաթափվել է և ցրվել։

 

«Հաշվի առնելով զորամասի վրա տեղի ունեցած ագրեսիվ հարձակումը՝ դեպքի վայր են ուղարկվել ինքնաթիռներ, և Ուկրաինայի անվտանգության ծառայությունն այժմ ոստիկանության հետ փաստեր է հավաքում»,-ասել է Ավակովը։


Նրա խոսքով՝ գործողությունը շարունակվում է։ ՆԳՆ ստորաբաժանումները շարունակում են հետապնդել զինյալ խմբավորումներին, իսկ փողոցներում հերթապահում են ոստիկանները։