Նյու Յորքում բացվել է ամենամյա միջազգային ավտոսրահը
Հաջորդ մեկուկես շաբաթվա ընթացքում Նյու Յորքը վերածվելու է ԱՄՆ-ի ավտոմոբիլային մայրաքաղաքի, քանի որ այնտեղ մեկնարկել է միջազգային ավտոսրահը, հայտնում է Взгляд-ը։
Ըստ ավանդույթի՝ առաջին 2 օրվա ընթացքում ցուցադրությունը բաց կլինի միայն մասնագետների ու մամուլի ներկայացուցիչների համար, ովքեր հնարավորություն կունենան առաջինը տեսնել տասնյակ նոր մոդելներ։ Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառմանը ներկայացվելու են ինչպես պատվերի համար պատրաստ մոդելներ, այնպես էլ կոնցեպտներ։
Հայտնի է, որ համաշխարհային առաջատար ավտոարտադրողները պատրաստել են 20-ից ավելի նորույթ։
Ճապոնական Toyota-ն արդեն ներկայացրել է իր Camry սեդանի նոր մոդելը, որն առանձնակի մեծ պահանջարկ ունի ԱՄՆ-ում։
Ավտոսրահի ամենասպասված շնորհանդեսներից մեկը նոր Nissan Murano քրոսովերն է, որը ստացել է ժամանակակից արտաքին դիզայն։ Իսկ գերմանական BMW-ն Նյու Յորք է բերել միանգամից 3 նորույթ, որոնցից մեկը X4 քրոսովերն է։
Նյու Յորքի միջազգային ավտոսրահն անցկացվում է 1900թ. և անցկացվում է արդեն 114-րդ անգամ։










