Nissan-ը ներկայացրել է Ամերիկայի ամենամատչելի մեքենան (լուսանկարներ)
Nissan ընկերությունը Նյու Յորքի միջազգային ավտոսրահում պաշտոնապես ներկայացրել է Versa բյուջետային սեդանի նորացված տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ փոփոխություններն, ընդհանուր առմամբ, շատ չեն, սակայն առավել նկատելի ձևափոխությունների է ենթարկվել մեքենայի առաջնամասը. լուսարձակներն ավելի խոշոր են դարձել, ռադիատորի վանդակաճաղերը ևս որոշակի փոփոխության են ենթարկվել, և այն ավելի շատ է նմանվում Altima մոդելին: Առջևի թափարգելը (бампер) որոշակիորեն նոր տեսք է ստացել հակամառախուղային լապտերների շրջանում, իսկ ետևի թափարգելի դիզայնի փոփոխությունները մեքենային առավել դինամիկ տեսք են հաղորդել:
Կենտրոնական և կառավարման վահանակները ևս փոփոխվել են՝ առավել էրգոնոմիկ տեսք ստանալով: Բացի այդ՝ նոր մեքենան ստեղներ ունեցող ղեկ ունի, որը համալրված է Bluetooth համակարգով:
Ճապոնական ավտոարտադրողը տեխնիկական մասով որևէ նորույթ չի առաջարկել: Մեքենան զինված է նույն 1.6 լիտր ծավալով բենզինային շարժիչով, որը զարգացնում է 109 ձիաուժ հզորություն: Մեքենան կարելի է ձեռք բերել 5 աստիճան մեխանիկական կամ 4 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:
Ամերիկյան շուկայում մեքենան վաճառքի կհանվի շուտով, իսկ արժեքը կկազմի 11990 դոլար, ինչը թույլ է տալիս Versa-ին՝ պահպանել ամենամատչելի մեքենայի տիտղոսն Ամերիկայում:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Նյու Յորքում բացվել է հնագույն և ԱՄՆ-ում այցելուների թվով ամենամեծ ավտոսրահը, որի շրջանակներում այս տարի կներկայացվի 30 նորույթ՝ լյուքս դասի մեքենաներից մինչև ամենահասանելի մոդելները:


















