Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը
Գաղտնիք չէ, որ բեղմնավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձվաբջիջն ու սպերմատոզոիդը հանդիպում են, «ճանաչում» իրար, ինչից հետո սկսվում է սաղմի ձևավորման գործընթացը։
Սակայն այն, թե ինչպես են դրանք իրար «ճանաչում», մինչ վերջերս շարունակում էր գաղտնիք մնալ։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, այժմ բրիտանացի գիտնականները պարզել են, որ ձվաբջջի մակերեսին կա մի պրոտեին, որը փոխազդում է սպերմատոզոիդի վրա գտնվող Իզումո պրոտեինի հետ՝ թույլ տալով 2 բջիջներին միավորվել։
Գիտնականները ձվաբջջի նորահայտ պրոտեինն անվանել են Յունո՝ ի պատիվ պտղաբերության ու ամուսնության հին հռոմեական աստվածուհի Յունոնայի, իսկ արական պրոտեինը, որը հայտնաբերվել էր դեռևս 2005թ., կոչվում է Իզումո՝ ի պատիվ վերարտադրողականության ու ամուսնության ճապոնական աստծո։
Երկու պրոտեինների փոխազդեցության ուսումնասիրությունը դրական տեղաշարժ կապահովի զույգերի անպտղության բուժման, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ հակաբեղմնավորիչների ստեղծման ոլորտներում։










