Շոտլանդիան հայտնվել է խավարի մեջ. տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի

11:34 • 17.04.14

Մեծ Բրիտանիայի հյուսիսում՝ Շոտլանդիայում, տեխնիկական խոտանի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրամատակարարման են մնացել, հայտնում է utro.ru-ն։ Նշվում է, որ հոսանքի զանգվածային անջատումից տուժել է 200.000 տնային տնտեսություն։

 

«Ամբողջ քաղաքում լույս չկա։ Թվում է, թե մենք ռազմական գործողությունների գոտում ենք։ Խավարն այստեղ տարածվում է կիլոմետրերով, առանց լույսի է մնացել մոտ 62.000 մարդ»,-ասել է Ինվերնես քաղաքի բնակիչներից մեկը։

 

Scottish Hydro Power Distribution ընկերությունը, որը պատասխանատու է հոսանքի մատակարարման համար, նշել է, որ տեղի ունեցած խոտանը շատ բարդ աստիճանի է՝ խոստանալով վերացնել այն հնարավորինս շուտ։ Հայտնի է, որ միջադեպը խափանել է նաև գնացքների երթևեկությունը՝ հանգեցնելով ուշացումների։

 

Աղբյուրը հավելում է, որ ներկայում բնակիչների մի մասի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։