Անցյալ տարվա այս ժամանակաշրջանի համեմատ սուր շնչառական վարակներով դիմելիությունը կտրուկ նվազել է.ԱՆ
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ և որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։
Ըստ առողջապահության նախարարության կայքի՝ ներկայում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում, հատկապես՝ մանկական հասակի քանակակազմում, դեռևս շրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված շտապբուժօգնության կանչերը:
Ելնելով վերը նշվածից և գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությանը կրկին հիշեցնում է.
• խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• հագնվե´ք եղանակին համապատասխան,
• պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:
Վերջին շաբաթների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյլաներով՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվությունը կտրուկ նվազել է, և կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ և Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում նախորդ սեզոնի միևնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել է գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը:
Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:










