Ժնևում փաստաթուղթ է ընդունվել՝ ուղղված Ուկրաինայում լարվածության թոթափմանը

23:28 • 17.04.14

Ժնևում ավարտվել է Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի և եվրահանձնակատար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ: Korrespondent-ի փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել Ուկրաինայում հակամարտության կայունացման հարցի շուրջ:

Ստորև ներկայացնում ենք ապրիլի 17-ին ընդունված հայտարարության տեսքտը մասնակի կրճատումներով.

«Բոլոր կողմերը պարտավորվել են զերծ մնալ բռնության ամեն տեսակ դրսևորումներից՝ սպառնալիքներից կամ սադրիչ գործողություններից: Հանդիպման մասնակիցները վճռականորեն դատապարտել են ծայրահեղականության, ռասիզմի և կրոնական անհանդուրժողականության բոլոր դրսևորումները:


Ուկրաինայում գործող բոլոր անօրինական խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ գրավված շինությունները, փողոցներն ու այլ կառույցներ՝ ազատագրվեն:


Ցույցերի բոլոր մասնակիցներին, ովքեր կազատեն շենքերը և կամավոր կերպով կհանձնեն զենքերը, համաներում կշնորհվի, բացառությամբ՝ նրանց, ովքեր մեղավոր կճանաչվեն ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ:


Համաձայնեցվել է, որ ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելությունը կարևոր դեր կխաղա այդ միջոցառումների իրականացման հարցում ուկրաիանական իշխանություններին աջակցելու գործում: ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը պարտավորվում են աջակցել այդ առաքելությանը, այդ թվում՝ դիտորդների տրամադրման ճանապարհով:


Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կայունության կարևորությունը և պատրաստակամություն են հայտնել հավելյալ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ քայլերի իրագործման հարցում»: