Հետախուզում է հայտարարվել Յանուկովիչի ավագ որդու նկատմամբ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ալեքսանդր Յանուկովիչի՝ պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ավագ որդու նկատմամբ: Այդ մասին հաղորդվում է երկրի ներքին գործերի նախարարության կայքում, գրում է ria.ru-ն:
Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ Ալեքսանդր Յանուկովիչը կասկածվում է փաստաթղթերի կեղծման համար: Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է հինգ տարվա ազատազրկում:
Ինչպես գրել են ուկրաինական ԶԼՄ-ները, Յանուկովիչի ավագ որդին անհետացել է ուկրաինացի իրավապահների տեսադաշտից փետրվարի 23-ին:
Նրա կարողությունը գնահատվում է 367-510 միլիոն դոլար: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրան են պատկանում «Մակո» կորպորացիան, մի շարք էներգետիկ, գազային և լեռնահանքային ձեռնարկություններ, «Մարինսերվիս» շինարարական ընկերությունը, գինեգործական ընկերություններ, ինչպես նաև Զարգացման համաուկրաինական բանկը։










