6-ամյա կորեուհին «Սևոլ» նավի խորտակման հետևանքով կորցրել է ընտանիքին (լուսանկարներ)
Օրեր առաջ Հարավային Կորեայի ափերի մոտ խորտակված «Սևոլ» նավից փրկված 6-ամյա աղջիկը դարձել է ողբերգության «դեմքը»։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նավաբեկությունից հետո փոքրիկ Վոն Յի-յունն այլևս չի տեսել հորը, մորն ու եղբորը։ Այժմ նա գտնվում է Չինդո կղզու հիվանդանոցներից մեկում, որտեղ բժիշկները փորձում են նրան դուրս բերել շոկային վիճակից։
Աղջիկը բժիշկներին պատմել է, որ մայրն ու եղբայրն իրեն փրկարար բաճկոն են տվել ու հանձնել փրկարարական նավակներին։ Այժմ երեխայի լուսանկարը տարածվել է համացանցում, որպեսզի հարազատները ճանաչեն ու գան նրա հետևից։ Նշվում է, որ Յի-յունի հորաքույրն ու տատն արդեն արձագանքել են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նավի խորտակման պատճառով զոհերի թիվը հասել է 28-ի, 268-ը համարվում է կորած, փրկվել է 179 մարդ: «Սևոլ» նավի վրա ընդհանուր առմամբ գտնվել է 475 ուղևոր և անձնակազմի անդամ, այդ թվում՝ Danwon High School-ի 325 աշակերտ:
Իշխանությունները շարունակում են ողբերգության հանգամանքների հետաքննությունը։ Նախնական եզրակացություններով՝ վթարի պատճառ կարող էր լինել կուրսի կտրուկ փոփոխումը։






















