Հարավկովկասյան երեք երկրներում մարդիկ լավ տեղեկացված չեն հարևան երկրների հակամարտություններից. ՀՌԿԿ հարցում
Հարավկովկասյան երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, մարդիկ լավ տեղեկացված չեն հարևան երկրներում գոյություն ունեցող տարածաշրջանային հակամարտությունների մասին: Սա պարզել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը»՝ (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակում 2013թ. կատարված ընտրանքային հետազոտությամբ։
Ըստ հետազոտության արդյունքների՝ հայաստանցիների և ադրբեջանցիների շուրջ կեսը չի լսել վրաց-աբխազական հակամարտության մասին, մինչդեռ ղարաբաղյան հակամարտության մասին ավելի քաջատեղյակ են Վրաստանում, որտեղ հարցվածների 62%-ն ասել է, որ լսել է այդ մասին։
2013թ-ին «Կովկասյան բարոմետր» ծրագրի հարցաշարը, ի տարբերություն նախորդ տարիների, պարունակել է նոր հարցեր, որոնք տրվել են հարավկովկասյան երեք երկրներում՝ տարածաշրջանային հակամարտությունների, մարդու իրավունքների ու դատական համակարգի, Facebook սոցիալական ցանցի և սոցիալական օժանդակության ծրագրերի վերաբերյալ։
Ըստ ներկայացված տեղեկության՝ դատարանների՝ իշխանությունների ազդեցությունից անկախ լինելու մասին կարծիքը Հայաստանում կիսել է հարցվածների միայն 13%-ը, Ադրբեջանում՝ 25%-ը, Վրաստանում՝ 33%։
Facebook սոցիալական ցանցը, բավականին տարածվելով, դեռևս չի դարձել հաղորդակցության ամենօրյա միջոց. Հայաստանում և Ադրբեջանում միայն յուրքանչյուր յոթերորդն է շաբաթն առնվազն՝ մեկ անգամ օգտվում Ֆեյսբուքից, իսկ Վրաստանում՝ յուրաքանչյուր հինգերորդը։
Ըստ ներկայացված արդյունքների՝ կարծիքները Եվրասիական տնտեսական համագործակցությանը, Մաքսային միությանը և Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ նույնպես տարբեր են երեք երկրներում։ Իրենց երկրի անդամակցությանը ԵՄ-ին աջակցում է Վրաստանի քաղաքացիները 65%-ը, հայաստանցիների 41%-ը, իսկ ադրբեջանցիների միայն 34%-ը։ Հայաստանում ԵՏՀ-ՄՄ անդամակցելուն կողմ է 55%-ը, իսկ Վրաստանում՝ 32%-ը։
Այսքանից հետո հարցում իրականացնողները փորձել են պարզել, թե ինչքանով են երջանիկ այս տարածաշրջանի մարդիկ և արձանագրել, որ երջանկության զգացման մակարդակը զարմանալիորեն շարունակում է մնալ բավական բարձր. 1-10 սանդղակով գնահատելիս Հայաստանում հարցվածների միջին երջանկությունը կազմել է 6,7 միավոր, Ադրբեջանում՝ 6.6, իսկ Վրաստանում՝ 7.0 միավոր։
Նշենք, որ ծրագիրն իրականացնողները նկատել են, որ չորրորդ տարին անընդմեջ գործազրկությունն ու աղքատությունը մատնանշվել են որպես հանրությանն առավել հուզող հարցեր։
Հիշեցնենք, որ հարցումները կատարվել են պատահական ընտրված շուրջ 6000 տնային տնտեսություններում՝ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթիկով։










