Հայաստանում և Վրաստանում հանրությանն առավել հուզող հարցը գործազրկությունն է, Ադրբեջանում՝ հակամարտությունները. ՀՌԿԿ հարցում
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում այսօր ներկայացրվեցին 2013թ. կատարված ընտրանքային հետազոտության արդյունքները, որն ըստ հետազոտողների՝ նպատակ ունի հետևել հանրային կարծիքին՝ Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում առկա սոցիալ տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների վերաբերյալ։
Հարցումները կատարվել են պատահականորեն ընտրված շուրջ 6000 տնային տնտեսություններում՝ ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթիկով։
Ծրագիրն իրականացնողները նկատել են, որ չորրորդ տարին անընդմեջ գործազրկությունն ու աղքատությունը մատնանշվել են որպես հանրությանն առավել հուզող հարցեր. Հայաստանում՝ 45% գործազրկություն և 16% աղքատություն, Վրաստանում՝ 54% գործազրկություն և 10% աղքատություն, մինչդեռ Ադրբեջանում կարևորագույն խնդիրներ են համարվել նախ չլուծված տարածաշրջանային հակամարտությունները և ապա միայն գործազրկությունը՝ 38% և 25%։
Հայաստանում 68%-ը հավատացած են, որ մարդիկ իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, մինչդեռ Ադրբեջանում այդպես է կարծում 52%-ը, Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 76%: Դրա հետ մեկտեղ Հայաստանում 2013թ-ին նկատելիորեն ավելացել է երկիրը ոչ ժողովրդավարական համարող մարդկանց թիվը՝ 34%, այն դեպքում, երբ 2012թ-ին 28% էր և 2011-ին՝ 27%:










