Ռուսաստանը լրջագույն պատերազմի մեջ է մտել. կա՛մ հաղթելու ենք, կա՛մ մարդկությունն այլևս ապագա չունի. Աշոտ Մանուչարյան

16:21 • 18.04.14

Ուկրաինայի խնդիրը կարևորագույն հարցն է մոլորակի վրա. այս մասին այսօր հրավիրված կլոր սեղանին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հայտարարեց, որ Ռուսաստանը լրջագույն պատերազմի մեջ է մտել ու կա՛մ հաղթելու ենք, կա՛մ մարդկությունն այլևս ապագա չունի։ Կլոր սեղանի քննարկման թեման էր՝ «Աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և գաղափարախոսական գործիքների կիրառումը ուկրաինական ճգնաժամում»։


«Պետք է հասկանանք իրական պատկերը, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Մարդկությունը մտել է փակուղի, որը սպառնում է մարդկության գոյությանը՝ շնորհիվ այն փիլիսոփայության, որը կոչվում է արևմտյան»,- ասաց նա։


Ըստ նրա՝ մարդիկ այդ մասին չգիտեն, նույնիսկ ուկրաինացիները, ովքեր կարծում են, թե Յանուկովիչին և տիրող կոռուպցիան Արևմուտքը ուզում է «քցել», իսկ Ռուսաստանն ամեն գնով պաշտպանում է այդ կոռուպցիոն համակարգը։ «Մարդկության վզին փաթաթում են նման համոզմունք»,- ասաց նա։


Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ կարևոր է Հայաստանում իրավիճակը փոխել և Հայաստանն էլ դուրս գա այդ ճգնաժամից, ինչը հասել է Ուկրաինա։


Նրա խոսքով՝ Արևմուտքն իր քարոզով «գիշատիչ» համակարգ է ուզում ստեղծել Հայաստանում և ամենուր՝ պատրաստելով «ենիչերյան զինվորներ»։ «Երիտասարդներին ենիչերիների են վերածում, ասում են մեծերին մի՛ լսեք, ձեր «ազատությունը» պահեք։ Սա խոշորագույն հանցագործություն է, և մենք թույլ են տալիս, որ էժանագին բաները Հայաստանում տարածվեն»,- ասաց նա։


Ղրիմի ինքնուրույնության հարցով Հայաստանի քվեարկության մասին Աշոտ Մանուչարյանը նշեց. «Փառք Յարոշին, փառք Սերժ Սարգսյանին, երբ Սերժ Սարգսյանը դեմ քվեարկեց և Յարոշը դեմ արտահայտվեց, այդ ժամանակ միայն Հայաստանում ասացին, թե՝ Յարոշն ո՞վ է, որ մեզ սպառնա»,- ասաց նա և ավելացրեց, թե ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ լրատվական դաշտը ենթակա է ամերիկյան դիկտատուրային։


«Սա արդեն հեքիաթ չէ, այլ իրականություն է։ Ռուսաստանը լրջագույն պատերազմի մեջ է մտել. կամ հաղթելու ենք, կամ մարդկությունն այլևս ապագա չունի»,- եզրափակեց նա։