ՆԱՏՕ-ն հինգ նավ է ուղարկում Բալթիկ ծով՝ դաշնակիցների պաշտպանության համար

09:25 • 18.04.14

Հյուսիսատլանտյան դաշինքը նավեր է ուղարկում Բալթիկ ծով՝ իր արևելաեվրոպական դաշնակիցների պաշտպանությունն ակտիվացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը, Բալթիկ ծով է ուղարկվելու բազմազգ խմբավորում՝ չորս ականորսիչ նավերից և մատակարարման նավից բաղկացած: ՆԱՏՕ-ի արագ արձագանքման այդ խումբը կազմված է Նորվեգիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Էստոնիայի նավերից:

 

Ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը Բրյուսելում կայացած նիստի ժամանակ հավանություն էր տվել Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին դաշինքի արևելաեվրոպական պետությունների պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումների փաթեթին: Ինչպես հանդիպումից հետո հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, դաշինքը կունենա «ավելի շատ ինքնաթիռներ օդում, ավելի շատ նավեր ջրում և ավելի ուժեղ պատրաստվածություն ցամաքում»։