Պետական մարմինների կողմից Օմբուդսմենի ինստիտուտի վրա հարձակումները գրեթե դադարել են. ՄԻՊ
Լավ լուր. մեր երկրում Օմբուդսմենի ինստիտուտի վրա դադարել են կամ գրեթե դադարել են հարձակումները: Այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց և ներկաներին ու իրեն շնորհավորեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով «2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:
Կարեն Անդրեասյանը չբավարարվեց միայն այս քաղաքական հայտարարությամբ և ներկայացրեց համապատասխան վիճակագրություն, ըստ որի՝ 25 գերատեսչություններից , որոնց աշխատանքին անդրադարձել էին, ՄԻՊ գրասենյակին հրապարակային և կոշտ պատասխանել են միայն 3-ը: Իսկ մնացածը եղել է կառուցողական արձագանք՝ համագործակցելու, փոխադարձաբար աշխատելու արդյունքում վիճակը բարելավելու, չնայած, կրկին եղել են թեթև «խայթոցներ»:
«Չնայած մեր ամբողջ աշխատակազմը ունի այդ իմունիտետը բոլոր տեսակ հարձակումներից, բայց մեզ համար հաճելի է, որ նվազել են խոսակցությունները և ժամանակն է, որ մեր այդ 184 համակարգային խնդիրները քննարկվեն ոչ միայն ՄԻՊ-ի մասին խոսակցությունների պրիզմայից, այլ իրենց բովանդակային պրիզմայից, որոնք ունի մեր հասարակությունը, որովհետև ինչքան էլ սկսեք քննարկել՝ լա՞վն է Կարեն Անդրեասյանը, թե՝ ոչ, լա՞վն է զեկույցի այս կամ այն տողը, թե՝ ոչ, դրանից մեր խնդիրները չեն լուծվելու»:
Նորմալ արձագանքածների թվում եղել են՝ Գյուղատնտեսության, Առողջապահության և մի շարք այլ նախարարություններ, Ազգային անվտանգության ծառայությունը, որը 10 կետով ՄԻՊ-ի առաջարկների հիման վրա բարելավել է ՔԿՀ-ում կալանավորների պահման պայմանները: Չնայած հիմա էլ ՄԻՊ գրասենյակի համար կան դժվարություններ՝ կապված պետական գաղտնիքի, և այլ օրենսդրական սահմանափակումների հետ, բայց Կարեն Անդրեասյանն ամենայն պատասխանատվությամբ կարող է հայտարարել, որ ԱԱԾ գործելաոճը հիմա շատ հաճախ կարող է լինել ավելի թափանցիկ, քան «ինչ-որ մի թաղապետարանի կամ քաղաքապետի գործելաոճը»:
Այսուհանդերձ, ՀՀ դատական դեպարտամենտը, որոշ փաստաբաններ ու նաև Փաստաբանների պալատը բավականին կոշտ արձագանքեցին ՄԻՊ-ի զեկույցի՝ դատարաններում կաշառքի չափերի վերաբերյալ հատվածին, որն իրականացվել էր դատավորների, փաստաբանների ու այլ իրավասու շրջանակներում անանուն հարցումների միջոցով:
Ի պատասխան Tert.am-ի հարցին, ՄԻՊ-ը նշեց. «Ոչ մեկնաբանել եմ, ոչ էլ մեկնաբանելու եմ դատական դեպարտամենտի կամ որևէ կառույցի առանձին չինովնիկի ոչ բովանդակային արձագանքը և նաև, այո՛, կարող են լինել փաստաբաններ, նաև քաղաքացիական մարմնի մարդիկ, կամ պետական մարմնի փաստաբաններ, որոնք շատ ասոցացված են տարբեր պետական մարմինների հետ: Գիտե՞ք շահերն էնպիսի բան են, որ ամեն մեկը կարող է ունենալ: Դու կարող ես գործել որպես անկախ մարդ, բայց լինել ինչ-որ մեկի հետ թաքուն թելերով կապված: Այնպես որ, եթե սկսեմ մեկնաբանել, մեր ժամանակը կանցնի անիմաստ բաների վրա»: Նշենք, որ ՄԻՊ-ը ժամանակին արված այս քննադատությանը հրապարակային դեռևս չէր արտահայտվել:
Արդեն հանձնաժողովում Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ եթե ինչ-որ մարդկանց դուր չի գալիս իրենց քննադատությունը, ապա նրանք պետք է նկատի ունենան, որ դա ոչ թե ինչ-որ մեկի նկատմամբ թշնամանք է, այլ իրականության արտահայտություն, և եթե այն դուր չի գալիս, ուրեմն՝ դուր չի գալիս իրականությունը, որը ըստ Կարեն Անդրեասյանի՝ իրենք չեն ավելացրել, այլ , հակառակը, շատ ավելի մեղմ են ներկայացրել:
ՄԻՊ-ը հավելեց, որ իրենց առանձնացրած 74 խնդիրները պակասել են, այսինքն՝ լուծվել են, իհարկե դա չի խանգարել, որ ավելանան նորերը, բայց սա Կարեն Անդրեասյանին չի տխրեցնում, տխրեցնում են պահպանվող խնդիրները:
Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցեր ուղղեց ՄԻՊ-ին, զեկույցի վերաբերյալ ներկայացրեց իր սեփական դիտարկումները՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ասելով, որ ցավոք, ՄԻՊ-ի զեկույցում ներառված խախտումների, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բնույթի, այն խախտումներն են, որոնք արձանագրվում են նաև ԱԺ ամբիոնից:
«Ե՛վ խոսում եմ նվազագույն աշխատավարձի մասին, և՛ ապահովածության մասին, նպաստների մասին, և այլն, և այլն, որոնք մնում են առանց լուծման… Հասկանալի է՝ քաղաքական կամքի խնդիր է, ես դրանց չեմ անդրադառնա»,- ասաց նա։
Էլինար Վարդանյանը առանձին նշեց, որ նախաքննության մարմինների կողմից առանձին ուշադրության է արժանի այն տարածված գործելաոճը, երբ մարդուն նախ հարցաքննում են որպես վկա, ապա ՝ որպես կասկածյալ: Զեկույցն ընդունվեց ի գիտություն և կներառվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում:










