Նախագահական նստավայրի դիմաց «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներին է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը (լուսանկարներ, տեսանյութ)

19:31 • 18.04.14

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր անցկացնում են երթ դեպի նախագահական նստավայր։ 

 


21.54


«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը, դիմելով հավաքվածներին, հայտարարեց. «Հարգելի՛ հայրենակիցներ, նույն ձևով և նույն տեմպերով շարունակելու ենք մեր պայքարը, ինչքան հնարավոր է՝ տրամադրելու ենք և՛ մեր ժամանակից, և՛ մեր միջոցներից, որովհետև հայ ժողովուրդը հիմա կարիք ունի լայնածավալ պայքարի: Բոլորը պետք է ոտքի կանգնեն և իրենց իրավունքների համար պայքարեն, իսկ պայքարը շարունակվելու է է՛լ ավելի ուժեղ տեմպերով»:
Հայկ Ավետիսյանն ասաց. «Այսօրվա ինքնաբուխ ակցիան այսքանով ավարտվում է, կհանդիպենք հաջորդ ակցիային»:
«Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ»՝ վանկարկեցին:
 

21.49


«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, Ազատության հրապարակում շարունակելով ներկայացնել վարչապետին ներկայացրած իրենց պահանջները, հայտարարեց. «Մենք վարչապետին ասացինք, որ հանրության կողմից իշխանության հանդեպ շատ մեծ անվստահություն կա, նա ասաց՝ «Այո՛, ընդունում եմ»: Մենք էլ ասացինք՝ «Քանի որ Ձեր մոտեցումը բարի է, որպեսզի վստահությունը վերականգնեք, պետք է ապացուցող քայլ անեք, իսկ քայլը կլինի այն, որ բոլոր նշված կետերը բավարարվեն, ոչ թե երկխոսվեն: Ա՛յ, դրանից հետո մենք պատրաստ ենք գնալ քննարկումների, որոնք լինելու են միայն մշակվելիք օրենքի վերաբերյալ»:

 

Ապա Դավիթ Մանուկյանն ասաց, որ իրենք կսպասեն, կտեսնեն, թե ինչ ընթացք կտան իրենց առաջարկած կետերին:
«Մենք Բաղրամյան 26 չէինք գնացել, որ վարչապետին հանդիպենք, մենք նրան Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ էլ ենք հանդիպել: Մեր հստակ պահանջն այս անգամ ուղղված էր երկրի Նախագահին, քանի որ երբ ոտնահարվում է ՍԴ-ի որոշումը, Նախագահն է, որ պետք է երաշխավորի դրա հստակ կատարումը»,- նշեց նա:
 

21.26


«Դ!ԵՄ ԵՄ» շարժման մասնակիցներն արդեն Ազատության հրապարակում են և հնչեցնում են իրենց հայտարարությունները:
Ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել են իրենց պահանջները:
«Մեր պահանջն այն է, որ նոր Կառավարությունը ներկայացնի պաշտոնական դիրքորոշում և հորդորի բոլոր գործատուներին՝ միայն մի դեպքում գանձում կատարել՝ եթե աշխատակիցը գրավոր կհաստատի, որ ուզում է մասնակցել այս համակարգին»,-հայտարարեց Դավիթ Մանուկյանը՝ հավելելով, որ վարչապետից իրենց հաջորդ պահանջն այն է եղել, որ վերադարձնեն արդեն իսկ գանձած գումարները:

 


Հովիկ Աբրահամյանը ակցիայի մասնակիցներին ասել է, որ նրանց բոլոր պահանջներին ծանոթացել է «Դ!ԵՄ ԵՄ» ֆեյսբուքյան էջից:
«Հովիկ Աբրահամյանը մեզ կոչ է անում, որպեսզի գնանք երկխոսության, քանի որ Կառավարությունն ազգի թշնամին չէ, իսկ փողոցում երկխոսություն անել հնարավոր չէ: Մեր պատասխանը հետևյալն է՝ երկխոսությանը մենք կողմ ենք, փակ չենք, այստեղ ռադիկալ փակ ուղեղների հավաքածու չի, բայց երկխոսելու սուբյեկտը պիտի կոռեկտ լինի: Չի կարելի երկխոսել Սահմանադրական դատարանի որոշման մասին: Իսկ այն կետերը, որ մենք ներկայացրել ենք, ոչ թե առաջարկներ են, որոնց շուրջ պետք է երկխոսենք, այլ՝ ՍԴ որոշման պահանջ»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը:
 

20.34

Ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ հնչեցնելու իրենց հայտարարությունները:

 

 

20.05

 


Նախագահական նստավայրի դիմաց «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներին է այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ՀՀ վարչապետին ներկայացրեց խմբի պահանջները։ 


ՀՀ վարչապետը նշեց, որ յուրաքանչյուր հարց, որը բարձրացվել է, փորձելու են լուծում տալ։ «Իմ մոտեցումն է՝ չսպասել մինչև սեպտեմբերի 30-ը։ Առաջին քայլն արված է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։


Նախաձեռնության անդամները նրանց արձագանքեցին «հիմա, հիմա» կոչերով։


19.59


Ոստիկանությունը թույլ տվեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին տեղափոխվել երթևեկելի գոտի՝ Բաղրամյան պողոտա՝ հաշվի առնելով նրանց տարածք տրամադրելու պահանջը մասնակիցների մեծ թվի պատճառով։


19.50


Այս պահին նախաձեռնության անդամները հավաքվել են նախագահական նստավայրի դիմացի մայթին և վանկարկում են «դեմ ենք», «ոչ թալանին»։


Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ոստիկաններից պահանջեց հատկացնել տարածք՝ երթևեկելի մեկ գոտի Բաղրամյան պողոտայում, քանի որ մասնակիցների թիվը գնալով ավելանում է։ Ոստիկանները դեռևս չեն արձագանքում նրանց պահանջներին։


19.35

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ակցիան բավական բազմամարդ է։ Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, թե ներկաների թիվը դեռ կավելանա, քանի որ երթով մայրաքաղաքի տարբեր մասերից իրենց են շտապում միանալ այլ խմբեր՝ մի քանի հարյուր մասնակցով։

Դավիթ Մանուկյանը նաև հայտարարեց, որ հավաքը կրելու է խաղաղ բնույթ և ոստիկաններին կոչ արեց գործել բացառապես օրենքի սահմաններում և սադրանքների չդիմել։


19.31


«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր անցկացնում է երթ դեպի նախագահական նստավայր։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին նախաձեռնության անդամները՝ բողոքի ակցիայով իրենք ցանկանում են «իրենց հստակ պահանջը և կոչը հղել Նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»: