Պուտինի հաջորդ քայլն Օդեսա՞ն կլինի. The Daily Beast-ի անդրադարձը
Ղրիմը Ռուսաստանի ձեռքում է։ Այժմ նշաններ կան, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար նոր թիրախ է ընտրել. նախ փոքրիկ, առանձնացված շրջան Մոլդովայում, ապա նաև դրան կից գտնվող Օդեսան՝ Ուկրաինայի երրորդ մեծ քաղաքն ու նրա ձեռքում մնացած խոշորագույն նավահանգիստը. գրում են The Daily Beast-ի հեղինակներ Ջոշ Ռոգինն ու Էլի Լեյքը։
Եթե Պուտինին հավատարիմ ուժերին հաջողվի Օդեսայում անկարգություններ սկսել, դա կարող է Ուկրաինան փաստացիորեն երկու մասի բաժանել։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքլ Ռոջերսը հաղորդել է, որ հետևել է «ռուսների ակտիվության մակարդակին» Մերձդնեստրում, որը, նրա խոսքով, հիշեցնում է Ռուսաստանի զորքերի ու զինված խմբերի տեղաշարժը Ղրիմի անեքսիայից առաջ։
«Բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ վերջին օրերին Ռուսաստանը Մերձդնեստր է ուղարկել մարդիկ, որոնք Մոլդովայի մայրաքաղաք են մեկնել Մոսկվայից, ապա ավտոբուսներով հասել է Մոլդովայի և Մերձդնեստրի սահմանը։ Չորեքշաբթի Մերձդնեստրի որոշ առաջնորդներ դիմեցին Ռուսաստանին՝ խնդրելով փաստացի ճանաչել և իրենց ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում»,-ասված է հոդվածում։
«Թե՛ ռուսական, թե՛ մոլդովական իշխանությունները հայտարարել են իրենց ցանկության մասին՝ կարգավորել Մերձնեստրի շուրջ տարաձայնությունները բազմակողմ բանակցային գործընթացի միջոցով։ Սակայն Մերձդնեստրում հուզումների ուժգնացումը շատ փորձագետների ստիպում է անհանգստանալ այն մասին, որ Ռուսաստանն ակտիվացնում է իր գործողություններն այնտեղ, որպեսզի ապակայունացնի հարևան Օդեսան»,- կարծում են հոդվածի հեղինակները։
«Մենք չենք կարող թերագնահատել Օդեսայի ռազմավարական նշանակությունն այժմ, երբ Ղրիմը ժամանակավորապես կորսված է, և մենք չենք կարող թերագնահատել Ռուսաստանի հետաքրքրվածությունը մայիսի 25-ի ընտրությունների նախաշեմին այնտեղ միջամտելու հարցում, կամ այնպիսի ռազմավարության կիրառումը, որն օգտագործվեց Դոնեցկում և Մերձդնեստրում»,- հայտարարել է Կիևում International Republican Institute կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Մայքլ Դրուքմանը։
Հեղինակները նշում են, որ «Օդեսան, համաձայն պնդումների, կարևոր է նաև ռուսական ընկերությունների համար՝ արտերկիր ապրանք տեղափոխելու առումով, հաճախ՝ անօրինական և կասկածելի նպատակներով։ «Օրինակ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին զենք արտահանելու համար, որոնք, ենթադրաբար, Օդեսայից են ուղարկվել»,-ասված է հոդվածում։
Դժվար է գնահատել Օդեսայում ռուսական միջամտության ստույգ մակարդակը։ Ուկրաինայի ներքին հետախուզության ծառայությունները պնդում են, որ նրանք այնտեղ ռուսական հետախուզության սպաների են ձերբակալել, իսկ ռուսամետ ուժերն Օդեսայում ցույցեր են կազմակերպում, գրում է աղբյուրը։










