Ռուս թոշակառուն լրատվամիջոցների օգնությամբ առաջարկություն է արել Լյուդմիլա Պուտինային

11:49 • 18.04.14

Նովոսիբիրսկից թոշակառու Յուրի Բաբինը, ով ավելի հայտնի է որպես «մանրադրամների միլիոնատեր», հայտարարել է, որ ցանկանում է «ձեռքն ու սիրտն» առաջարկել ՌԴ նախագահի նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Երեկ ամենամյա «ուղիղ կապի» ընթացքում ՌԴ նախագահը, պատասխանելով հարցին, թե երբ Ռուսաստանը նոր առաջին տիկին կունենա, ասել էր, որ նախ պետք է ամուսնացնի նախկին կնոջն ու հետո մտածի իր մասին։

 

«Ես ազատ եմ 2008թ.-ից և ցանկանում եմ ձեռքս և սիրտս առաջարկել Լյուդմիլա Ալեքսանդրովնային։ Ես այդ մասին մտածում էի դեռևս երկու ամիս առաջ, սակայն երեկ Վլադիմիր Վլադիմիրովիչը ևս մեկ անգամ հուշեց ինձ։ Հուսով եմ՝ երազանքս կկատարվի»,-ասել է նա։

 

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում առաջարկություն անել Լյուդմիլա Պուտինային, Բաբինն ասել է, թե հույս ունի, որ նա իր մտադրության մասին կիմանա լրատվամիջոցներից։

 

Յուրի Բաբինը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 2012թ.-ի դեկտեմբերին վաճառքի էր հանել մեկ կոպեկանոց մանրադրամների իր հավաքածուն։ 5 մլն մանրադրամը՝ 7.5 տոննա քաշով, նա գնահատել էր 19.9 մլն ռուբլի։

Բաբինը նաև հայտնի է նրանով, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախին գործակալ Էդվարդ Սնոուդենին առաջարկել էր իր տան 5 սենյակները։