ՀՀԿ-ի քաղաքական «ռեստարտը»՝ արտաքին դաշտում մանևրելու նոր հնարավորություն կամ մարտահրավեր. կարծիքներ

09:15 • 18.04.14

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կուսակցության՝ «Օրինաց երկրի» ու նաև Դաշնակցության կոալիցիա չմտնելով, փաստորեն, երկրում ստեղծվում է մի իրավիճակ, որը 10 տարի շարունակ Հայաստանում չէր եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում արձանագրեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:


«Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է, երբ ամբողջ պատասխանատվությունն առաջին անգամ ընկնում է Հանրապետականի վրա՝ 2003 թվականից հետո առաջին անգամ»,- ասաց քաղտեխնոլոգը:


Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս հայաստանյան քաղաքական դաշտի վիճակը ներկայացրեց որպես «քաղաքական կյանքի ամբողջական «ռեստարտ», որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքական կյանքի «ջոյստիկը» Հայաստանի Հանրապետական կուսակցության ձեռքում է»:


«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը չբացառեց, որ ՕԵԿ-ի հեռացումը կոալիցիայից, ի թիվս այլ նպատակների, պետք է այնպիսի տպավորություն ստեղծի, որ իշխանությունը «խառն է»՝ չի հաջողվում ձևավորել կառավարություն, շատ բարդ է, և այլն, և այլն, ինչը նրան արտաքին քաղաքական դաշտում մանևրելու հնարավորություն կտա, եթե հաշվի առնենք, որ ԱԺ-ում ներկայացված 6 քաղաքական ուժերից 5-ը տարբեր պատճառներով ուղղակի համաձայնություն չունեն ՀՀԿ-ի հետ:


Ի պատասխան հարցի, թե ՀՀԿ-ն, միևնույն է, ունի իր 70 հոգին՝ որոշումներ ընդունելու համար և ավելին՝ կոալիցիա կազմելու առաջարկները մշտապես այն խորհրդանշական ժեստն են արտահայտել, որ ՀՀԿ-ն գնում է քաղաքական երկխոսության ու համագործակցության ճանապարհով, Ստյոպա Սաֆարյանը հայտնեց. «Նվազագույն տեղեր են դրանք, չկա քաղաքական համաձայնություն՝ քաղաքական կոնսենսուս չի կարող ձեռք բերվել այս իրավիճակում արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներում»:


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում չհամաձայնեց այս տեսակետի հետ ասելով. «Որևէ փոփոխություն Մաքսայինի նկատմամբ քաղաքականության առումով ես չեմ սպասում, մանավանդ որ Մաքսայինի հետ կապված բոլոր զարգացումները ոչ թե Երևանում են որոշվում, այլ՝ Մոսկվայում»:


Անդրադառնալով ստեղծված նոր քաղաքական իրավիճակին՝ Բորիս Նավասարդյանը հայտարարեց, որ եթե մի կուսակցություն խորհրդարանում արդեն իսկ ունի մեծամասնություն, ընդհանրապես տարօրինակ է, որ որևէ մեկին առաջարկում է կոալիցիա մտնել։


«Որովհետև ինքը ունի հնարավորություն բոլոր որոշումներն անցկացնել իր կուսակցության տեսլականի շրջանակներում, ու թեկուզ բոլորը հրաժարվել են, ի վերջո, բնական իրավիճակում է հայտնվում, այն կուսակցությունը, որն իր պնդմամբ ստացել է մեծամասնության ընտրական քվեն, պարտավոր է միանձնյա ստանձնել նաև պատասխանատվություն»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի նախորդ ժեստերին, որ չնայած մեծամասնությանը, պորտֆելներ էր առաջարկում տարբեր քաղաքական ուժերի, ապա Բորիս Նավասարդյանը դա բացատրեց նրանով, որ «ներքին համոզվածություն ուներ, որ լեգիտիմության խնդիր կա», և դրա համար էլ փորձում էր քաղաքական պատասխանատվությունը բաժանել տարբեր քաղաքական ուժերի հետ:


ԵՄԱ ակումբի նախագահը հավելեց. «Այսօր ստեղծվել է ավելի բնական իրավիճակ, երբ այդ առաջարկը բոլոր կուսակցություններից մերժվում է: Եվ հիմա մարտահրավեր է Հանրապետականի համար. եթե պնդում ես, որ ունես բնակչության քվեների մեծամասնությունը, փորձես իրականացնել իշխանությունը քո ուժերով»: