Սիրիայում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը սկսվում է ապրիլի 21-ից
Սիրիացիները եկող շաբաթվանից հնարավորություն կունենան իրենց թեկնածությունը պաշտոնապես առաջադրել երկրում կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սիրիական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
«Երկուշաբթի՝ ապրիլի 21-ին, կսկսվի թեկնածուների գրանցումն ու կնշանակվի ընտրությունների օրը»,- Agence France Presse գործակալության հետ զրույցում ասել է աղբյուրը։
Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահական ընտրությունները, ըստ ամենայնի, կկայանան հունիսին։
Երկրի գործող նախագահ Բաշար ալ Ասադը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, հայտնել է, որ հավանաբար կրկին կառաջադրի իր թեկնածությունը։ Աղբյուրը ենթադրում է, որ, ըստ ամենայնի, հենց նա էլ կհաղթի ընտրություններում։










