Մենք՝ մուսուլմաններս, մի մարմին ենք. ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել են Ջոհար Ցարնաևի ուղերձը
Ամերիկյան HBS հեռուստաալիքը հրապարակել է անցած տարվա Բոստոնի մարաթոնի ենթադրյալ ահաբեկիչ Ջոհար Ցարնաևի ուղերձը, որը նա գրել էր ձերբակալությունից առաջ։
«ԱՄՆ-ի կառավարությունը սպանում է մեր անմեղ քաղաքացիներին, և ձեր մեծ մասն արդեն գիտի, որ ինձ համար անտանելի է տեսնել անպատիժ մնացող այդ երևույթը։ Մենք՝ մուսուլմաններս, մի մարմին ենք։ Սպանելով մեզնից մեկին, դուք ցավ եք պատճառում բոլորիս»,- մեջբերում է Взгляд-ը Ցարնաևի գրածը։
Նշվում է նաև, որ ենթադրյալ ահաբեկիչը տեղեկացրել է, որ Բոստոնի միջադեպն Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական արշավների պատասխանն է։
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 15-ին տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով, որոնց ենթադրյալ կազմակերպիչներն էին Թամերլան և Ջոհար Ցարնաև եղբայրները, զոհվել է 3 մարդ, վնասվածքներ ստացել 200-ը։ Իրավապահների իրականացրած օպերացիայի հետևանքով եղբայրներից մեկը՝ Թամերլանը զոհվել է, իսկ Ջոհարին հաջողվել է բռնել մի քանի օր անց։
Այժմ Ցարնաևին սպառնում է մահապատիժ, սակայն վերջին դատական նիստի ժամանակ մեղադրյալը հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։










