Յանուկովիչի նկատմամբ 6-րդ քրեական գործն է հարուցվել. Ուկրաինայի Գլխավոր դատախազություն
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդեպ ևս մեկ քրեական գործ է հարուցվել իշխանությունը չարաշահելու համար: Ինչպես հայտնում է УНИАН գործակալությունը` այս մասին հաղորդել են Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից` վկայակոչելով Գլխավոր հետաքննչական վարչությանը:
Հաղորդագրության համաձայն` Գլխավոր դատախազությունը մինչդատական հետաքննությունների միասնական ռեգիստրում գրանցել է Յանուկովիչի և նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների` իշխանության չարաշահման մասին տվյալները` կանխամտածված հանցագործության նախանշաններով:
Քրեական դատավարությունը գրանցվել է երկու քաղաքացու դիմումի հիման վրա, որում վերջիններս նշել էին, որ տվյալ անձինքն 2010-13 թվականներին բազմիցս չարաշահել են իշխանությունը, մասնավորապես՝ 1932-33 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած Գոլոդոմորը ցեղասպանություն չճանաչելով, հետապնդելով քաղաքական ընդդիմության առաջնորդներին և լրագրողներին: Նշվել է նաև իրավապահ մարմինների կոռուպցիոն գործողությունները թաքցնելը:










