Կարմիր գինու բաղադրիչը կանխում է ծերացումը
Կարմիր գինին կրկին հայտնվել է հետազոտողների ուշադրության կենտրոնում. Հարվարդի համալսարանի մասնագետներն ապացուցել են, որ կարմիր չոր գինին պարունակում է բաղադրիչներ, որոնք դիմակայում են ծերացմանը:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` մի շարք փորձարկումները ցույց են տվել, որ գինու գլխավոր բաղադրիչը` ռեսվերատրոլը, ազդում է օրգանիզմի բջիջների վրա: Այն ակտիվացնում է բջջային գործառույթները` օրգանիզմն ավելի դիմացկուն դարձնելով ծերացման գործընթացի նկատմամբ:
Իհարկե՝ կարմիր գինու մեջ ռեսվերատրոլի պարունակությունը մեծ չէ: Մեկ լիտրում պարունակվում է 2-12.6 մգ ռեսվերատրոլ, իսկ կայունացնող և պնդացնող ազդեցությունն զգալու համար ռեսվերատրոլի չափաբաժինը պետք է գերազանցի 250 մգ-ը:
Մասնագետներն այժմ փորձում են տեխնոլոգիա մշակել, որը թույլ կտա գինուց ստանալ ռեսվերատրոլի այնպիսի քանակություն, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմը երկարակեցությանը «սովորեցնելու» համար՝ առանց լիտրերով գինի ըմպելու:










