Hitachi-ն Չինաստանում կտեղադրի աշխարհի ամենաարագընթաց վերելակը

21:47 • 21.04.14

Hitachi ճապոնական ընկերությունը երկուշաբթի հայտարարել է, որ Չինաստանի երկնաքերերից մեկը կհամալրի աշխարհի ամենաարագընթաց վերելակներով:


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` France Presse գործակալությանը հղումով, այս մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ, որում նշվում է, որ վերելակները կշարժվեն 72 կմ/ժամ արագությամբ:


Գերարագ վերելակները կտեղադրվեն Գուանչժոուի 111 հարկանի կառույցում, որը քաղաքի ամենաբարձր շինությունն է` 530 մետր բարձրությամբ: Այն 2016-ին նախատեսվում է դարձնել ֆինանսական կենտրոն: Երկնաքերում կտեղակայվեն ո'չ միայն դիզայներական և տեխնիկական ընկերությունների գրասենյակներ, այլև` հյուրանոցային համալիր, ինչպես նաև՝ բնակելի տարածքներ: Այցելուները հնարավորություն կունենան վերելակով բարձրանալ մինչև 440 մետրը` առաջինից 95-րդ հարկ հասնելով 43 վայրկյանում:


Ներկայում աշխարհի ամենաարագընթաց վերելակը գտնվում է Թայվանի Թայբե մայրաքաղաքում կառուցված «Թայբե 101» երկնաքերում: Այն ընթանում է 60.6 կմ/ժամ արագությամբ:
 

Hitachi-ն Չինաստանում կտեղադրի աշխարհի ամենաարագընթաց վերելակը