«ВКонтакте»-ի հիմնադիրը մամուլից է իմացել իր հեռացման մասին
«ВКонтакте»-ի հիմնադիր Պավել Դուրովը սոցցանցում մեկնաբանել է ավելի վաղ տարածված տեղեկությունները, որ ընկերությունում իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշում են կայացրել, գրում է korrespondent.net-ը:
Պավել Դուրովը գրել է, որ նորությունների համաձայն՝ անցած շաբաթ իր հրաժարվելու արդյունքում, նրան այժմ հեռացրել են գլխավոր տնօրենի պաշտոնից: «Հետաքրքիր է, որ բաժնետերերը քաջություն չեն ունեցել դա ուղիղ անել, և իմ խորհրդավոր հեռացման մասին ես իմանում եմ մամուլից: Ինչպես հաղորդվում է՝ «ВКонтакте»-ի տնօրենների խորհուրդն այսօր «հանկարծ» բացահայտել է, որ ապրիլի 3-ին գլխավոր տնօրենի պաշտոնից իմ հեռանալու մասին դիմումի հետ վերցնելը (որը նրանք մինչ այդ հրապարակայնորեն ընդունել էին) «ոչ բոլոր կանոնների» համապատասխան է ձևակերպված եղել, այդ պատճառով ես մեխանիկորեն ազատվում եմ պաշտոնից: Որքան հասկանում եմ՝ այդ ոչ թափանցիկ դիրքորոշումն ընդհանուր է բոլոր բաժնետերերի համար»,- գրել է Դուրովը:
«ВКонтакте»-ի հիմնադիրը հավելել է նաև, որ այժմ «ВКонтакте»-ն անցնում է Իգոր Սեչինի և Ալիշեր Ուսմանովի ամբողջական վերահսկողության տակ: «Երևի ռուսական պայմաններում նման մի բան անխուսափելի էր, բայց ես ուրախ եմ, որ մենք դիմացանք 7 ու կես տարի: Մենք շատ բան հասցրինք: Եվ մեր արածի մի մասն արդեն հետ չես վերցնի»,- գրել է նա:










