2000-2013թթ. ընթացքում Երկրի մթնոլորտում տեղի է ունեցել միջուկայինի հզորությամբ 26 պայթյուն. CTBTO
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (CTBTO, Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Organization) միջազգային կազմակերպության մասնագետները ներկայացրել են հերթական զեկույցը, որում նշվում է, որ 2000-2013թթ. ընթացքում Երկրի մթնոլորտում աստերոիդներն առաջացրել են 26 հզոր պայթյուն, որոնք իրենց ուժգնությամբ հավասարազոր են եղել միջուկային պայթյունին։
Ինչպես նշում է The Guardian-ը, դրանց մի մասը մի քանի տասնյակ անգամ ավելի հզոր է եղել, քան 1945թ. տեղի ունեցած Հիրոսիմայի միջուկային պայթյունը, սակայն դրանք էական վնաս չեն հասցրել Երկրին, քանի որ տեղի են ունեցել շատ մեծ բարձրության վրա։ Այնուհանդերձ այս դեպքերը վկայում են, թե որքան խոցելի է մեր մոլորակը տիեզերքի սպառնալիքների առաջ։
Նշվում է, որ անցած 13 տարում ամենահզոր պայթյունները տեղի են ունեցել 2002թ.՝ Միջերկրական ծովի, 2004թ.՝ Հարավային օվկիանոսի, 2009թ.՝ Ինդոնեզիայի օդային տարածքներում։
2018թ. B612 Foundation մասնավոր հիմնադրամը պատրաստվում է տիեզերք արձակել այնպիսի հեռադիտակ, որը կկարողանա Երկրի համար վտանգ ներկայացնող աստերոիդները նկատել մի քանի մլն կմ հեռավորության վրա։










