Ռուսաստանը կկորցնի ինտերնետը՝ չափից շատ կարգավորման պատճառով. Mail.Ru Group-ի գլխավոր տնօրեն
Mail.Ru Group-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Դմիտրի Գրիշինը վտանգավոր է համարում իշխանության կողմից համացանցի չափից ավելի կարգավորմանն ուղղված կուրսը: Նա հիշեցրել է, որ «բավականին երկար ժամանակ Ռուսաստանում ինտերնետային ընկերությունները խիստ կարգավորման տակ չեն գտնվել», գրում է vedomosti.ru-ն:
«Այսօր Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ տեղական ինտերնետային նախագծերն առաջատար դիրքեր են զբաղեցնում էլեկտրոնային փոստում, սոցցանցերում, խաղերում և որոնողական համակարգում»,- նրա խոսքերն է մեջբերված Mail.ru-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Համացանցը չափից ավելի կարգավորելու կուրսը, երբ ինտերնետային ընկերությունները պետք է պետական մարմինների հետ համաձայնեցնեն իրենց սարքավորումները և ծրագրային լուծումները, կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կկորցնի համացանցը՝ որպես յուրահատուկ ոլորտ, որը կարող էր մեր երկրի նոր, հետինդուստրիալ տնտեսության աճի կետ դառնալ»,- կարծում է նա։
Այդպես է Գրիշինը մեկնաբանել օրերս Ռուսաստանի Պետական դումայի կողմից հավանության արժանացած՝ ինտերնետային ընկերությունների գործունեության մասին օրինագիծը։ Նորամուծություններից մեկը պարտավորեցնում է համացանցում տեղեկությունների տարածման կազմակերպիչներին պահպանել «օգտատերերի և նրանց գործողությունների մասին տեղեկությունը կես տարվա ընթացքում, ինչպես նաև այն տրամադրել իրավապահ մարմիններին առաջին իսկ պահանջի դեպքում»։
Այդ պահանջները չկատարող ռեսուրսների մուտքը թույլ է տրվում սահմանափակել։










