Նոր վարչապետին փոխանցեք, որ արդեն երկար տարիներ կա գիտնականների շատ խիստ արտահայտված դժգոհություն. ՀՀ ԳԱԱ անդամ

21:18 • 24.04.14

Թեև նախորդ Կառավարությունը գիտելիքահեն տնտեսութուն էր խոստանում, բայց խոստումը խոստում մնաց, և գիտնականները հույսները դրել են նոր Կառավարության վրա: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, ով «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության աջակից է, Tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նոր Կառավարությունն իր ծրագրերում իսկապես մեծ տեղ կտա գիտության ֆինանսավորմանը։


Արթուր Իշխանյանը կատակեց՝ նախկինի մասին կա´մ լավը, կա´մ ոչինչ։ «Գիտե՞ք ինչու. ամպագորգոռ գիտահեն հայտարարությունները տեսանք՝ ինչ արժեին: Ռուսական ասացվածք կա՝ «Выеденного яйца не стоит», այսիքն՝ երբ ձուն ուտում են, և տակը կճեպն է մնում, դրա արժեքը նույնիսկ չուներ նախորդ Կառավարության խոստումը»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է նոր Կառավարությունից ակնկալիքներին, ապա գիտնականը նշեց, որ առայժմ ոչինչ չեն կարող ասել։ «Կառավարության ամբողջ կազմը դեռևս պարզ չէ, Կառավարությունը չի հրապարակել գործունեության ծրագիր, ու համենայն դեպս՝ վարչապետն էլ չի արտահայտվել այդ մասին: Հետո չգիտեմ՝ նոր նախարար կլինի՞, թե՞ ոչ»,-ասաց նա։


Հարցին՝ նախարարի փոփոխությունը կապու՞մ են գիտության ֆինանսավորման ավելացման հետ, Արթուր Իշխանյանը պատասխանեց. «Չէ, նախարարի անձի խնդիրը չի, այլ՝ Կառավարության ընդհանուր գործողության: Նախարարն էլ պետք է հայտարարի, թե ինչ ուղղվածություն ունի Կառավարության այս ծրագիրը կամ Կառավարությունն ինքը: Համենայն դեպս՝ այդ հայտարարությունները դեռ չեն եղել, դրա համար դժվարանում եմ ասել»։


ԳԱԱ անդամը նկատեց, որ նորանշանակ վարչապետն անդրադառնում է այն հարցերին, որոնց շուրջ աղմկում են, և ավելացրեց, որ ոչ պակաս հրատապ է նաև իրենց բարձրացրած հարցը, ուստի խնդրեց փոխանցել վարչապետին, որ իրենց հարցին էլ անդրադառնա։

 

«Կա այդ անհրաժեշտությունը, օգնե´ք մեզ. պետք է անպայման ասել, որ գոյություն ունի գիտնականների շատ խիստ արտահայտված դժգոհություն, արդեն երկար տարիներ պայքարում ենք և, բնականաբար, ակնկալում ենք ինչ-որ քայլեր»,-եզրափակեց նա։





 

Նոր վարչապետին փոխանցեք, որ արդեն երկար տարիներ կա գիտնականների շատ խիստ արտահայտված դժգոհություն. ՀՀ ԳԱԱ անդամ