ԱՄՆ-ն անձայն մոտոցիկլետ է ստեղծում հատուկջոկատայինների համար (լուսանկարներ)

13:53 • 25.04.14

ԱՄՆ-ն անձայն հիբրիդային մոտոցիկլետի մոդել է ստեղծում, որը նախատեսված է հատուկջոկատայինների համար, հայտնում է RBC-ն: Նախատեսվում է, որ նման փոխադրամիջոցով հնարավոր է լուռ հարձակվել ահաբեկիչների վրա։
 

Նորույթով զբաղվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության DARPA գործակալությունը, որը պատասխանատու է զինված ուժերում կիրառվելիք նոր տեխնոլոգիաների ստեղծման համար։ Մոտոցիկլետի անմիջական ստեղծողը Logos Technologies-ն է։

 

Այս փոխադրամիջոցը համալրված կլինի ինչպես բենզինային, այնպես էլ էլեկտրական շարժիչով։ Առաջինը նախատեսված է հեռավոր ուղևորությունների համար, երկրորդը՝ հարձակումների։ Շեշտը դրվելու է հենց երկրորդ բաղադրիչի վրա, քանի որ զինվորականները հետաքրքրված են ոչ այնքան արագությամբ, որքան անաղմուկ հարձակվելու հնարավորությամբ։

Հիբրիդային մոդելը կստեղծվի BRD RedShift MX-ի հիմքի վրա, որը կշռում է 113 կգ և արժե 15 000 ԱՄՆ դոլար: Զարգացնում է 129 կմ/ժ առավելագույն արագություն։

ԱՄՆ-ն անձայն մոտոցիկլետ է ստեղծում հատուկջոկատայինների համար (լուսանկարներ)