«Яндекс»-ը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունները

14:17 • 25.04.14

Ռուսական «Яндекс» ընկերության մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների վերաբերյալ, որոնցում վերջինս նշել էր որոնողական համակարգի՝ արևմտյան ազդեցությանը հակվածության մասին, ինչպես նաև ինտերնետն անվանել ԱՄՆ ԿՀՎ-ի հատուկ նախագիծ։ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները հանգեցրել են «Яндекс»-ի բաժնետոմսերի 5 տոկոսով անկման, գրում է cnews.ru-ն:

 

«Яндекс»-ը հայտարարել է, որ ընկերությունն իսկապես առաջին ներդրումները ստացել է միջազգային հիմնադրամներից և ներդրողներից, բայց «դա սովորական բան է աշխարհի ցանկացած երկրում ցանկացած ինտերնետային ստարտափի համար»։


Այժմ բորսայում վաճառվում է ընկերության բաժնետոմսերի մոտ 70 տոկոսը, բայց բորսայում վաճառվող բաժնետոմսերն իրենց սեփականատերերին ընկերության ռազմավարական և օպերատիվ ղեկավարման իրավունք չեն տալիս, հիշեցրել է «Яндекс»-ը:

 

Պատասխանելով Պուտինի խոսքերին, թե «Яндекс»-ը գրանցված է արտասահմանում, ընկերությունը նշել է, որ 2000-ականների կեսերին այն իսկապես գրանցվել է Նիդեռլանդներում, սակայն այդ որոշումը պայմանավորված է եղել կորպորատիվ իրավունքի յուրահատկություններով, այլ ոչ հարկերի վճարման օպտիմալացմամբ:

 

Պուտինի հայտարարությանը, թե ինտերնետն առաջացել է որպես ԿՀՎ-ի հատուկ նախագիծ, «Яндекс»-ը հիշեցրել է, որ Ռուսաստանն այն քիչ երկրներից է, որտեղ ինտերնետային ոլորտում առաջատար են ազգային ինտերնետային ընկերությունները։

«Яндекс»-ը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունները